«Վագներ»-ը չի լքի Բախմուտը, ՌԴ ՊՆ-ն խոստացել է անհրաժեշտ սպառազինություն տրամադրել. Պրիգոժին
copy image url

«Վագներ»-ը չի լքի Բախմուտը, ՌԴ ՊՆ-ն խոստացել է անհրաժեշտ սպառազինություն տրամադրել. Պրիգոժին

Արտաքին 1 տարի առաջ - 15:45 08-05-2023
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը խոստացել է իր ընկերությանը տրամադրել այնքան զենք, որքան անհրաժեշտ է ռազմական գործողությունները շարունակելու համար, ուստի իր մարտիկները կշարունակեն մնալ Բախմուտում։ Այս մասին Պրիգոժինը հայտնել է իր տեսաուղերձում, որը հրապարակվել է ռուսական «Пресс-служба Пригожина» տելեգրամյան ալիքում։

Պրիգոժինի խոսքով՝ նախորդ գիշեր իրենք առաջին անգամ մարտական կարգադրություն են ստացել, որտեղ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը խոստանում է տրամադրել տալ զինամթերք և սպառազինություն՝ այնքան, որքան անհրաժեշտ է մարտական գործողությունները շարունակելու համար։ «Եվ մեզ տալիս են Սուրովիկինին որպես մարդ, որը կընդունի բոլոր որոշումները՝ պաշտպանության նախարարության հետ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հետ փոխգործակցության շրջանակներում»,- ասել է նա։

«Վագներ»-ի հիմնադիրը հայտնել է, որ իր մասնավոր ռազմական ընկերությանը խոստացել են ապահովել այն ամենով, ինչն անհրաժեշտ է շրջափակման մեջ չընկելու համար։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «Վագներ»-ի մարտիկներն ազատություն են ստացել Բախմուտում գործելու այնպես, ինչպես իրենք նպատակահարմար կգտնեն։ «Մեզ տրվում է Սուրովիկինը որպես մարդ, ով բոլոր որոշումները կկայացնի Վագների ռազմական գործողությունների և պաշտպանության նախարարության հետ փոխգործակցության շրջանակներում։ Եվ սա բանակի գեներալի աստղով միակ մարդն է, ով գիտի, թե ինչպես կռվել»,- հայտնել է նա։

Վերջինս նաև հավելել է, որ մայիսի 6-ին «Վագներ»-ի կրտսեր հրամանատարներին առաջարկել է միանալ այլ ռազմական կազմավորումներին, եթե նման ցանկություն ունեն։ Նրա խոսքով՝ բոլորը միաձայն մերժել են այդ առաջարկը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ իր մարտիկները մայիսի 10-ին լքելու են Բախմուտը։ Պրիգոժինը պարզաբանել է, որ իր այս որոշումը կայացրել է արկերի բացակայության պատճառով։ Նա միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առաջարկել է զբաղեցնել այն դիրքերը, որոնք այժմ վերահսկում են «Վագներ»-ի մարտիկները։

Պրիգոժինի հայտարարությունը մեկնաբանել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ հայտարարելով, որ եթե «Վագներ»-ի մարտիկները հեռանան Բախմուտից, ապա իր գլխավորած ուժերը պատրաստ են փոխարինել նրանց։ Նա միևնույն ժամանակ ափսոսանք էր հայտնել Պրիգոժինի հայտարարությունների կապակցությամբ։


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի