Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հայտարարել է, որ Վրաստանի եվրոպական երազանքը պետք է իրականություն դառնա։ Ինչպես տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Կոլոնան ասել է Թբիլիսիում` Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Կոլոնան շեշտել է` Դարչիաշվիլին իրեն տեղեկացրել է, որ Վրաստանի բնակչության 85%-ն աջակցում է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը։ Նրա խոսքով` դա ուժեղացնում է Վրաստանին օգնելու իրենց ցանկությունը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանը կարող է հույս ունենալ, որ Ֆրանսիան կաջակցի ԵՄ-ին անդամակցության գործընթացում` Կոլոնան ասել է, որ Վրաստանի եվրոպական երազանքն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ապավինել բոլոր այն ուժերին, որոնք կան երկրում։ Նա շեշտել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պարադոքսալ կերպով փոխել է շատ բաներ, այդ թվում դրական ազդեցություն է ունեցել ԵՄ-ի պատրաստակամության վրա։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարն ինձ ասաց, որ բնակչության 85%-ը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն։ Սա ուժեղացնում է մեր ցանկությունը՝ օգնել ձեզ դառնալ եվրոպացի: Եվրոպական երազանքը պետք է իրականություն դառնա, իսկ դրա համար մենք պետք է ապավինենք բոլոր այն ուժերին, որոնք կան երկրում»,- եզրափակել է նա։