Այն քաղաքական ու պետական միտքը, որ դրված էր Դեմիրճյանի կողմից, մենք պետք է օրինակ վերցնենք․ Մեսրոպ Առաքելյան
copy image url

Այն քաղաքական ու պետական միտքը, որ դրված էր Դեմիրճյանի կողմից, մենք պետք է օրինակ վերցնենք․ Մեսրոպ Առաքելյան

Ներքին 2 տարի առաջ - 16:03 17-04-2023
Կարեն Դեմիրճյանի գործունեությունը ոչ միայն իր՝ ԱԺ նախագահ լինելուց, այլև խորհրդային կարգերի ժամանակ բացառիկ կարևոր է եղել Հայաստանի նորագույն պատմության համար, որովհետև Դեմիրճյանին հաջողվել էր աչքի ընկնել ռազմավարական նշանակության, տնտեսության զարգացման մեջ կատարած այն աշխատանքով, որն այսօր և՛ Երևանում, և՛ հանրապետությունում վայելում ենք։ Այս մասին այսօր Կոմիտասի անվան պանթեոնում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Բացառիկ են նաև Դեմիրճյանի՝ հայապահպանությանն ուղղված ծրագրերը, որովհետև բավականին բարդ էր խորհրդայի կարգերի ժամանակ մշակույթը, լեզուն հասցնել այն մակարդակի, որը տեղի ունեցավ 70-80-ականներին։ Այդ տեսանկյունից ակնհայտ էր, որ 1999թ․ Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի կազմած «Միասնություն» դաշինքը էականորեն փոխելու էր Հայաստանի զարգացման վեկտորը։ Եվ այդ կարճ մի քանի ամսվա քաղաքականությունը ցույց էր տալիս, որ այն մարտահրավերները, որ կար Հայաստանի առջև, լրիվ ուրիշ լուծում էին ստանալու։ Ցավոք, այդ ողբերգությունն իր հետևանքները մոտ 2 տասնամյակ բավականին ծանր թողեց, քանի որ ակնհայտ էր և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության մեջ մենք լուրջ խնդիրներ ունեցանք։ Իհարկե, ողբերգությունն այլևս անդառնալի է, մեր սերունդն առնվազն պետք է դասեր քաղի և այն համակարգը, քաղաքական ու պետական միտքը, որ դրված էր Դեմիրճյանի կողմից, մենք պետք է օրինակ վերցնենք և փոխենք մեր քաղաքական միտքը»։

Հարցին՝ իսկ որքանո՞վ է բացահայտված հոկտեմբերի 27-ը, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց․ «Ակնհայտ էր, որ տեղի ունեցած ողբերգությունը ընդամենն այդ մի քանի հոգու ոճրագործությունը չէր, կան պատվիրատուներ։ Եվ եթե մինչև 2018 թվականն այդ չբացահայտման պատճառներում փնտրվում էր այդ ժամանակվա իշխանությունների կառավարումը, որ նրանց օրոք հնարավքոր չէ, առնվազն ցավալի է արձանագրել, որ այս 5 տարվա ընթացքում այդ ուղղությամբ որևէ տեղաշարժ տեղի չունեցավ, որովետև առնվազն քաղաքական կամքի առկայությունը պետք է ընձեռներ բոլլոր հնարավորությունները իրավապահներին, որպեսզի տեղի ունենա բացահայտումը»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ է խոսվում, թե այլ երկրի պատվեր է եղել հոկտեմբերի 27-ը, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ տարբեր տեսակետներ կան, բայց զերծ կմնա իրավական գնահատական տալուց․ «Իմ ինֆորմացիան առնվազն այնքան է, ինչքան լայն հանրությունը տիրապետում է։ Բայց այն, որ այդ ընթացքում ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական բավական կարևոր իրադարձութուններ էին տեղի ունենում Հայաստանի շուրջ, հասարակությունն ու քաղաքական դաշտը շարունակում է ցավով ունենալ այդ մտահոգությունը, և նաև հենց այդ մտահոգությունների համար շատ կարևոր է ոճրագործության լիարժեք բացահայտումը»։