ՆԱՏՕ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար և կազմակերպությունում այդ երկրի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեն հայտարարել է, թե, իբր, Հայաստանը ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակում է իր զինված ուժերը տեղափոխել Արցախ։ Այս մասին ադրբեջանցի դիվանագետը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։
Հուսեյնզադեն պնդել է, որ «Հայաստանն իր այդ քայլով միտումնավոր կերպով խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը»։ Նրա խոսքով՝ այս քայլը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։
«Հայաստանը ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակում է Խանքենդի-Խալֆալի-Տուրսու (Ստեփանակերտ-Լիսագոր-խմբ.), ճանապարհով իր զինված խմբավորումներին տեղափոխել Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական շրջան։ Սա 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հռչակագրի միտումնավոր խախտում է և կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար Հայաստանին մեղադրում է Արցախի տարածք զորքեր տեղափոխելու մեջ, սակայն 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանի քաղաքացի զինվածառայողներն ամբողջությամբ դուրս են բերել Արցախի տարածքից, և տեղում մնացել են միայն Արցախի պաշտպանության բանակի փոքրաթիվ զինծառայողները։ Ադրբեջանն Արցախի ՊԲ-ին անվանում է «անօրինական զինված խմբավորումներ)։