Հակամարտող կողմեր այլևս չկան․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունն ավարտվել է․ ռուս պատգամավոր
copy image url

Հակամարտող կողմեր այլևս չկան․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունն ավարտվել է․ ռուս պատգամավոր

Արտաքին 1 տարի առաջ - 11:00 18-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ղարաբաղում տեղեկայված ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը կարելի է լիովին կատարված համարել։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ խաղաղապահները կարևոր դեր են խաղացել արյունահեղության կանխման գործում։ Նրա պնդմամբ՝ այժմ խաղաղապահների վերադառնալու ժամանակն է։

«Նրանք քաղաքացիական բնակչությանը օգնել են տարհանման, բուժվելու ժամանակ, ջուր ու սնունդ տրամադրել։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները տուն վերադառնան»,- ասել է նա։

Ժուրավլյովը հավելել է, որ այժմ խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ Ղարաբաղում հակամարտող կողմեր չկան։ Նա նաև ասել է, որ արդեն ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։

Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։

Արցախում ռուս խաղաղապահները տեղակայվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում՝ 5 տարի ժամկետով, և նրանց գործունեության ժամկետն ինքնաբերաբար ևս 5 տարով երկարաձգվելու էր, եթե ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կողմերից որևէ մեկը չպահանջեր նրանց դուրսբերում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակման անցավ շրջափակված Արցախի դեմ խաղաղապահները դիտորդի դերում էին, իսկ հայ բնակչության էթնիկ զտումներից հետո նրանք շարունակեցին մնալ հայաթափված Արցախում։