Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը. Զախարովա
copy image url

Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը. Զախարովա

Արտաքին 2 տարի առաջ - 15:30 17-02-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպումներում հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ խաղաղության պայմանագրի բանակցություններում Ռուսաստանի միջնորդության հարցում։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը մեր երկրի միջնորդության նկատմամբ»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Իգոր Խովաևի այցը Երևան և Բաքու։

Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը՝ այդ հարցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կայացած կառավարության նիստում հայտարարել էր, որ հայկական կողմն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի աշխատանքները և այն ուղարկել Բաքու, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներ։