Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա
copy image url

Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Արտաքին 3 տարի առաջ - 23:17 15-12-2021

Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու Անկարայի և Երևանի տրամադրվածությունը և պատրաստ է աջակցել այդ գործընթացին՝ տարածաշրջանում իրավիճակի բարելավման շահերից ելնելով։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի տարածաշրջանում և, իհարկե, երկրների և ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը։ Այս տեսակետից մենք ողջունում ենք երկխոսություն սկսելու մտադրությունը` քննարկելու կարգավորման հարցերը: Այդ նպատակով կողմերից հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և ողջամիտ քայլ է այդ ձգտումը զարգացնելու համար: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին ամեն կերպ»,- հայտարարել է նա։

Զախարովան բացատրել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խնդիրների լուծմանը, կապերի ամրապնդմանը և բարիդրացիությանն ուղղված քայլերին։

Նա նաև վստահություն է հայտնել, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հանդիպումը նպաստել է Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև ձևաչափի մյուս մասնակիցների մերձեցմանը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները ստորագրել էին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման և հարաբերությունների սկզբունքների մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը չեն վավերացվել։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել է արձանագրությունները չեղարկելու մասին։