Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Ռիշի Սունակը այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական «ZN.UA» լրատվականը։
Հաղորդվում է, որ սա Սունակի առաջին այցն է Ուկրաինա՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո։
«Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ամուր դաշնակիցներ են եղել։ Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք ամենակարևոր հարցերը ինչպես մեր երկրների, այնպես էլ համաշխարհային անվտանգության համար»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը ավելի վաղ մի քանի հեռախոսազրույց են ունեցել, որոնցից վերջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին՝ Մեծ քսանյակի գագաթաժողովի նախօրեին։ Կողմերը քննարկել են ձմեռային շրջանի հետ կապված բազմակողմ պաշտպանական աջակցությունն ու համագործակցությունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Սունակի նշանակումը մտահոգություն է առաջացրել մի շարք փորձագետների շրջանում, քանի որ վերջինիս կինը բիզնես ունի Ռուսաստանում։ Սակայն Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Մելինդա Սիմոնսը հավաստիացրել է, որ նոր վարչապետը պատերազմին վերաբերվում է նույնքան լուրջ, որքան այդ երկրի նախկին վարչապետներ Լիզ Թրասը և Բորիս Ջոնսոնը։
Սունակը, խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի անհրաժեշտ ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և ուսուցանել ուկրաինացի զինվորականներին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նույնպես դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք և ներկայացրել Ռուսաստանի տնտեսական մեկուսացման ծրագիրը։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնությանը Մեծ քսանյակից դուրս թողնելուն և ցանկություն է հայտնել բանակցել Չինաստանի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։