NASA-ն որոշել է աշնան սկզբից զբաղվել անհայտ օդային երևույթների՝ ՉԹՕ-ների հետազոտություններով: Այս մասին հաղորդում է գործակալության մամուլի ծառայությունը։
Թիմը տվյալներ կհավաքի «երկնքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք գիտականորեն չեն կարող նույնականացվել որպես ինքնաթիռներ կամ հայտնի բնական երևույթներ»: Գերատեսչությունում նշել են, որ ուսումնասիրությունը կենտրոնանալու է հասանելի տվյալների, դրանց հավաքման միջոցների բացահայտման և այդ երևույթները գիտականորեն հասկանալու համար դրանք օգտագործելու վրա:
«Մթնոլորտում առկա չբացահայտված օդային երևույթները հետաքրքրում են ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ թռիչքների անվտանգության տեսանկյունից»,- պարզաբանել է NASA-ն:
Հետազոտական թիմը կգլխավորի աստղաֆիզիկոս Դեվիդ Սպերգելը, որը Նյու Յորքի Սայմոնս հիմնադրամի նախագահն է և նախկինում Փրինսթոնի համալսարանի աստղաֆիզիկայի բաժնի նախագահն էր: