Մայիսի 18-ին Մոսկվայի Խորոշևսկի շրջանային դատարանը հեռակա կալանավորել է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի ռազմավարության և մարքեթինգի հարցերով նախկին տեղակալ Անդրեյ Պանովին, հաղորդում է РБК-ն։
Պանովը, որը հեռացել է Ռուսաստանից Ուկրաինա ներխուժման մեկնարկից հետո և հրապարակայնորեն արտահայտվել պատերազմի դեմ, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից իրականացված առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով։
РБК-ի աղբյուրի փոխանցմամբ՝ քրեական գործի առիթ է հանդիսացել «Աերոֆլոտ»-ի մարքեթինգային ռազմավարության մշակման պայմանագիրը, որը կնքվել է ամերիկյան Bain ընկերության հետ 2019 թվականին։ Պայմանագրի գումարը կազմել է մոտ 200 մլն ռուբլի։
Ինքը՝ Պանովը, RBC-ին ասել է, որ «մեղադրանքները հայտնվել են 3 տարի անց այն բանից, երբ տնօրենների խորհուրդը, որի կազմում էին տրանսպորտի տարբեր տարիների երեք նախարարներ և «Աերոֆլոտ»-ի երկու գլխավոր տնօրեններ, հաստատել էին մարքեթինգային ռազմավարությունը։
«Ակնհայտ է, որ ինձ ուղղված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Միևնույն ժամանակ, մեղադրանքներն ինքնին անհեթեթ են, դրանք ոչ մի բանով չեն հաստատվում»,- ասել է «Աերոֆլոտ»-ի նախկին թոփ-մենեջերը՝ նշելով, որ քրեական գործը բացվել է Financial Times-ում իր սյունակի հրապարակումից մեկ օր անց։