Սահմանափակ քանակությամբ Barbie տիկնիկները, որոնք պատրաստված են հատուկ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակի կապակցությամբ, սպառվել են երեք վայրկյանում, իսկ հետո eBay-ում դարձել «կատաղի աճուրդի» առարկա։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
95 ֆունտ ստեռլինգ արժողությամբ տիկնիկը թագուհու դեմքով է, իսկ Բարբիի հայտնի շիկահեր մազերը փոխարինվել են խիստ մոխրագույն սանրվածքով, որի վրա դրված է դիադեմը, որը թագուհին կրել է իր հարսանիքի օրը:
Զգեստը նույնպես ընդգծում է թագուհու նախընտրած տեսքը թագավորական դիմանկարներում. փղոսկրի գույնի զգեստ՝ կապույտ ժապավենով, զարդարված մանր մեդալիոններով՝ ոգեշնչված թագավորական ընտանիքի օրդեններով:
Տիկնիկը դարձել է բրիտանական թագուհու գահակալության պլատինե տարեդարձի տոնակատարության վերջին հուշանվերներից մեկը։
Barbie արտադրող Mattel ընկերությունը հաստատել է, որ սահմանափակ քանակությամբ տիկնիկը սպառվել է Մեծ Բրիտանիայում, սակայն ակնարկել է, որ մինչև հաջորդ ամսվա տոնակատարությունը ավելի շատ «արքայական» բարբիներ կարող են թողարկվել: