Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտնել է, որ Բուչայի շրջանային դատախազությունը պարզել է ռուս զինծառայողի ինքնությունը, որը, ըստ ուկրաինական իշխանությունների, մասնակցել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին։
Վենեդիկտովան պնդում է, որ դատախազությունն ու ոստիկանությունը վկաների ցուցմունքների հիման վրա կարողացել են գտնել մարտի 18-ին Բուչայի Յաբլոնսկայա փողոցում չորս մարդու գնդակահարած զինվորականին։ Չորս սպանվածների լուսանկարները՝ ձեռքերը թիկունքից կապած, հայտնվել են ԶԼՄ-ներում ապրիլի սկզբին, երբ ուկրաինացի զինվորականները մտել են քաղաք, որը գրեթե մեկ ամիս գրավված էր ռուսական բանակի կողմից։
Դատախազությունը սպանությունների մեջ է կասկածում Ուլյանովսկի շրջանի Ռոսգվարդիայի ստորաբաժանումներից մեկի հրամանատարին։ Նույն տղամարդը, ըստ իրենց վարկածի, մարտի 29-ին խոշտանգել է Բուչայի մի բնակչի՝ ծեծելով նրան ատրճանակի կոթով և «ստիպելով հոտոտել մահացած մարդուն»։
Կասկածյալին նկատել են անվտանգության տեսախցիկով Բելառուսի առաքման կազմակերպություններից մեկում, որտեղից Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորականները ծանրոցներ են ուղարկել Ռուսաստան։ Վենեդիկտովան պնդում է, որ կասկածյալն Ուլյանովսկ է ուղարկել «մեքենայի բեռնախցիկի կափարիչը»։
«Սլեդստվիե-Ինֆո» հրատարակությունը գրում է, որ սպանությունների մեջ կասկածվող տղամարդը ծագումով բելառուս է, 35 տարեկան։