Մասնագիտությամբ քանդակագործ, Գյումրեցի Բենիամին Պողոսյանը մինչ 2020-ի պատերազմը ծառայում էր Մատաղիսում։ Այնուհետև ծառայությունը շարունակել է Թալիշում։
Oragir.news-ը զրուցել է արվեստագետի հետ և փորձել բացահայտել նրա ապրելու և ստեղծագործելու գաղտնիքները։
- Սպասելի՞ էր Ձեզ համար պատերազմը, պատրա՞ստ էիք անցնել այս դաժան արհավիրքի միջով։- Երբ պատերազմը սկսվեց, մեր գնդի զինծառայողները տագնապի ազդանշանը միանալուն պես բարձրացան դիրքեր, 5 օր կռիվ տալուց հետո ծանր վիրավորում եմ ստացել ԱԹՍ-ի հարվածից։ Վերջին անգամ Թալիշը տեսա այդ ժամանակ։ Իմ սիրելի բնակավայրը օգնության ու աջակցության կարիք ուներ, իսկ թշնամին հարվածում էր թե՛ երկնքից, թե՛ ցամաքից։ Վիրավորում ստանալուց հետո վիճակս ահավոր ծանր էր, վերքերս բավականին խոր։ Սկզբում ինձ տեղափոխեցին մոտակա բուժական կետ, այնուհետև Հայաստան՝ Այրվածքաբանական ազգային կենտրոն։ Ոտքս ամբողջությամբ այրվածքների մեջ էր, մկանները, ջլերը վնասված էին, ոսկորս՝ փշրված։ Իսկ մարմինս ամբողջությամբ բեկորներով էր պատված։ Ինձ սպասվում էին բավականին ծանր ժամանակներ։
- Քանի՞ անգամ եք վիրահատվել։ - 5 անգամ վիրահատվելուց հետո տեղափոխել են Հերացու թիվ 1 հիվանդանոց, բուժումս շարունակել եմ այնտեղ։ Տեղի բժիշկները ոտքս դարձյալ վիրահատեցին, ոսկորիցս 12 սմ հեռացրին և տեղադրեցին Ելիզարովի սարքավորում, վիրահատելուց 10 ամիս հետո սարքը հանեցին, հիմա ապաքինվում եմ։ Նրանց շնորհիվ չզրկվեցի սեփական ոտքիցս։
- Այս փորձությունից հետո հետագայում ի՞նչ խնդիրներ ի հայտ եկան։Թվում էր՝ սրանով կավարտվեր ամեն ինչ, բայց պարզվում է՝ ականջս նույնպես լուրջ վնասվածքներ ունի։ Մի քանի ամիս հետո ականջս վիրահատեցին՝ կոնտուզիայի հետևանքով թմբկաթաղանթն է վնասվել։ Այս պարագայում ևս երկար ժամանակ անցկացրել եմ հիվանդանոցներում։ Գիտեք՝ այս ընթացքում չեմ դադարել լավատես լինել։
Ինձ մի ներքին ձայն ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա ճիշտ է՝ լավ չեմ լսում, և Հայաստանում ասել են, որ բուժում չկա, պետք է լսողական ապարատով լսեմ, բայց վերջերս մի գերմանացի բժիշկ ասաց, որ Գերմանիայում հնարավոր կլինի վիրահատելով ինչ-որ բան անել։ Դիմեցի պատկան մարմիններին, բայց ասացին՝ այդքան միջոցներ չկան, որ ուղարկենք արտերկիր՝ հետագա բուժման համար։ Իսկ լսողական սարքը բավականին թանկ է, մի մասը դարձյալ պետք է վճարի պետությունը, իսկ մյուս մասը՝ մենք, ես այդքան հնարավորություն չունեմ, քանի որ ոտքիս խնդիրները ահավոր են։
- Վերջին շրջանում ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։ - Ես Աստծուց շատ շնորհակալ եմ, որ այս դաժան իրականության մեջ իմ դեմ լույս բացեց, ես վերակենդանացման բաժնում պառկած էի, Աստված ինձ մոտ մի աղջկա ուղարկեց՝ մասնագիտությամբ բուժքույր և հոգեբան, ինքը՝ կամավորության սկզբունքով էր եկել, որ օգներ զինվորներին։ Նա ինձ ստիպեց ապրել։ Նա ինձ ուժ տվեց, որ ես ապրեմ ու պայքարեմ, պայքարիս մեջ նաև սիրահարվեմ, սիրահարվելուց հետո՝ նշանվեմ։ Նրա շնորհիվ իմ կյանքը դարձավ շատ պայծառ, պատերազմից մեկ տարի անց նշանվեցինք, իսկ տարեդարձիս օրը՝ սեպտեմբերի 18-ին, հայրիկիս օգնությամբ կազմակերպեցինք իմ անհատական ցուցահանդեսը, որտեղ մարդիկ առերեսվեցին իմ արվեստի գույների հետ։ Կյանքը շարունակվում է, ես սիրում եմ այն՝ իր լավ ու վատ գույներով, անակնկալներով ու հանելուկներով։