Նիդեռլանդներում թագավորական ընտանիքը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ երկրի ապագա թագուհու՝ արքայադուստր Ամալիայի 18-ամյակի առթիվ կազմակերպած հանդիսության ֆոնին, գրում է The Guardian-ը։ Պարբերականի տվյալներով, թագավոր Վիլհեմ Ալեքսանդրի և թագուհի Մաքսիմայի ավագ դստեր ծննդյան տոնակատարությունն անցկացվել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի շրջանակում սահմանված նորմերի խախտմամբ։
Բանն այն է, որ թագավորական ընտանիքը հրավիրել է ավելի քան 20 մարդու, թեև ներկայում Նիդեռլանդներում սահմանափակում է գործում, ըստ որի թագավորության բնակիչներին արգելվում է չորսից ավելի հյուր ընդունել։
Երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ թագավորն արդեն ափսոսանք է հայտնել կատարվածի համար՝ նշելով, որ, ամեն դեպքում, դա «վատ գաղափար էր»։ Սակայն թագավորական ընտանիքը նշել է, որ տոնակատարությունը տեղի է ունեցել բաց տարածքում, բոլոր ներկաները կորոնավիրուսի դեմ պատվաստված են եղել, ՊՇՌ-թեստ են հանձնել, ինչպես նաև սոցիալական հեռավորություն են պահպանել։