Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որում կլիմայի փոփոխությունը կապվում է անվտանգության խնդիրների հետ: Նախագիծն առաջարկվել է Իռլանդիայի և Նիգերի կողմից: Այն աջակցություն է ստացել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 12-ի կողմից։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, որն ունի վետոյի իրավունք, և Հնդկաստանը։ Չինաստանը ձեռնպահ է մնացել։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, մեկնաբանելով Ռուսաստանի որոշումը, հայտարարել է, որ «միջազգային հանրությունը խորապես բաժանված է կլիմայական խնդիրների շուրջ»։ Նա բանաձևի նախագծի տեքստն անվանել է համաշխարհային հանրությանը «կլիմայի ակտիվիստների դիրքորոշումը» պարտադրելու փորձ։ «Սա իրականում կհանգեցնի խոր պառակտման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետընթացի»,- ընդգծել է նա։
«Եվրոնյուս» հեռուստաալիքը նշում է, որ բանաձևի նախագիծը պարունակում է կոչ՝ ուղղված գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, «ներառելու կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերը՝ որպես հակամարտությունների կանխարգելման ՄԱԿ-ի ընդհանուր ռազմավարության կենտրոնական տարր»։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի վետոն որևէ «արդարացում չունի»։ Նրա խոսքով՝ «կլիմայական ճգնաժամը անվտանգության ճգնաժամ է»։
Ֆրանսիան համարում է, որ գլոբալ տաքացման և անվտանգության միջև գոյություն ունի կապ. ջրի հասանելիությունը, պարենի անբավարարությունը և կլիմայական ապահովության բացակայությունը թույլ են տալիս «զինված խմբերին ծաղկել»՝ օգտվելով բնակչության խոցելիությունից, նշել է Ֆրանսիայի ներկայացուցիչը: