Եթե ԱՄՆ-ը որոշի ռազմական միջամտություն իրականացնել Իրանում, իշխանությունները պատրաստ կլինեն կոշտ արձագանքելու։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» ռազմական ստորաբաժանման ղեկավար Իսմայիլ Քահանին։ Նրա խոսքը մեջբերել է RT-ն:
Ըստ Քահանիի, ԱՄՆ-ը կարող է Իրանին հարվածել Մերձավոր Արևելքի բազաներից մեկից, օրինակ՝ Սիրիայից, Քաթարից, Քուվեյթից կամ Իրաքից։ Բացի այդ, ԱՄՆ իշխանություններն արդեն իսկ «ծաղրում» են Թեհրանին՝ կոշտ պատժամիջոցներ կիրառելով, վստահ է զինվորականը։ Սակայն իրանական կողմը շարունակում է ակտիվորեն զարգացնել ռազմատեխնիկական ոլորտը, որը հայտնի է նաև Վաշինգտոնին։
«(Նրանք գիտեն), որ եթե ամերիկյան զորքերը նվազագույն քայլ անեն Իրանի ուղղությամբ, մենք նրանց ատամները կջարդենք»,- խոստացել է Քահանին։ Նա նաև տարածաշրջան զորքեր մտցնելու փորձի դեպքում Միացյալ Նահանգներին «ավելի խորը նվաստացմամբ» է սպառնացել, քան այն, որը նրանք ապրել են 2021թ.-ին Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամանակ։
Միևնույն ժամանակ, Իրանը և միջուկային խոշոր տերությունները այժմ փորձում են թարմացնել 2015թ.-ի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, ըստ որի Թեհրանը սահմանափակում է իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի տնտեսական պատժամիջոցներից ազատվելու դիմաց: Միացյալ Նահանգները գործարքից դուրս է եկել 2018թ.-ին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։