Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Թեհրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը։
Իրանցի պաշտոնիայի այս հայտարարությունից հետո պարզ չի դառնում, թե վերջինս ում է մեղադրում տարածաշրջան օտարերկրյա զորքեր բերելու մեջ։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ում խոսքով՝ ռուսական զորքերն այսօր կան և շատ կարևոր առաքելություն են իրականացնում։
«Իրանը ռուսական զորքերը համարո՞ւմ է բարեկամական զորքեր, որոնք հիմա կան և շատ կարևոր առաքելություն են իրականացնում»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի կարևորագույն առաջնահերթություններից է։
«Հարավային Կովկասում ռազմականացման մեծացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և կվնասի տարածաշրջանում խաղաղ գործընթացին, իսկ Իրանը դա չի ընդունի։ Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում ձևավորել մեխանիզմներ, որոնք կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում»,- հայտարարել էր նա։