«Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) հիմնադիրներից Մեթին Գյուրջանը երկուշաբթի կալանավորվել է «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով:
Թուրքիայի զինված ուժերի նախկին զինծառայող Գյուրջանը հայտնի վերլուծաբան է և «Al-Monitor» լրատվական գործակալությունում աշխատում է որպես հոդվածագիր՝ հաճախակի լուսաբանելով զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունները։ Նա ի սկզբանե Անկարայի դատախազության հրամանով ձերբակալվել էր Ստամբուլի իր տանը՝ ուրբաթ վաղ առավոտյան։ Գյուրջանն իր ցուցմունքում հերքել է մեղադրանքները։ «Ես օտարերկրյա դիվանագետներին պաշտոնական ոչ մի գաղտնի տեղեկատվություն կամ փաստաթուղթ չեմ փոխանցել»,- Անկարայի դատարանին ուղղված հայտարարության մեջ նշել է Գյուրջանը:
Հարկ է նկատել, որ Գյուրջանը Թուրքիայում աչքի ընկնող առաջին դեմքը չէ, որին մեղադրում են լրտեսության մեջ։ Բարերար և գործարար Օսման Քավալան չորս տարի է՝ առանց դատարանի ուժի մեջ մտած որոշման կալանավորված է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը տապալելու մեղադրանքներով։ Երկուշաբթի Քավալան բանտում տված հարցազրույցում լրտեսության անհիմն մեղադրանքները համեմատել էր նացիստական Գերմանիայում տարածված մեղադրական պրակտիկայի հետ:
«Ակնհայտ է, որ նա կարող է խանգարել ինչ-որ մեկի քունն ու հանգստությունը»,- երկուշաբթի ուշ երեկոյան հեռուստատեսային հարցազրույցում ասել է DEVA կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը: Վերջինիս համաձայն՝ DEVA-ն Գյուրջանին իրավական աջակցություն է ցուցաբերելու դատավարության ամբողջ ընթացքում։
Բաբաջանն ընդգծել է, որ որպես արտաքին քաղաքականության և անվտանգության փորձագետ՝ Գյուրջանի աշխատանքը հիմնված է տեղեկատվության բաց աղբյուրների վրա վրա, և նա պետական գաղտնիքներին հասանելիություն չունի։ «Ես ցնցված եմ. Ես ձեր օգնության կարիքն ունեմ»,- ձերբակալության ժամանակ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է քաղաքական գործիչը։ Հայտարարությամբ հանդես է եկել նաև Գյուրջանի կուսակից Մուսթաֆա Եներօղլուն՝ նշելով, որ ձերբակալության համար իրավական որևէ հիմք առկա չի եղել: