Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի փոխանցմամբ՝ Իզմիրի Բուջայի շրջանում քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ պահանջելով իշխող ԱԶԿ-ի հրաժարականը։ Քաղաքացիների բողոքի ակցիային միջամտել է ոստիկանությունը։
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հրավիրված կառավարության նիստից հետո կրկին հայտարարել է, որ իրենք վճռական են տրամադրված ցածր տոկոսադրույքների անցնելու հարցում։
Ըստ «BirGün»-ի լուրերի՝ քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիան՝ չնայած այն կանխելու ոստիկանների ջանքերին։ Իզմիրի քաղաքացիները «Şirinyer Migros»-ի դիմաց հայտարարություն են տարածել։ Հայտարարության մեջ նշվել է․ «Նրանք ստանձնել են երկրում ամեն ինչ կողոպտելու պարտավորությունը։ Այն դեպքում, երբ միլիոնավոր ուսանողներ չեն կարողացել հանրակացարանում սենյակ վարձակալել կամ գիշերակացով բնակարան, նրանք թալան են իրականացրել TÜGVA-ի (Թուրքիայի երիտասարդական հիմնադրամ) միջոցով։ Այն դեպքում, երբ երկրում միլիոնավոր աշխատավորներ չեն կարողանում իրենց ապրուստը վաստակել, պալատում գտնվող անձը բարձրացնում է իր աշխատավարձը: Այն դեպքում, երբ մենք նույնիսկ հաց չենք կարողանում գտնել ուտելու համար, նրանք շարունակում են վայելել: Մենք նրանց պատասխանատվության ենք ենթարկելու այն ամենի համար, ինչ գործել են»։