ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը ժամանել է ավելի քան մեկ ժամ ուշացումով։ Այս մասին հայտնի է դարձել բանակցությունների հեռարձակումից, որը վարում է BFMTV հեռուստաալիքը։
Որպես բանակցությունների վայր ընտրվել է Վատիկանում Ֆրանսիայի դեսպանատունը։ Ավելի վաղ Բայդենը պաշտոնական այցով ժամանել էր Վատիկան և հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Միաժամանակ չեղարկվել է նախագահի և պոնտիֆիկոսի հանդիպման հեռարձակումը։ Հռոմի պապի հետ հանդիպելուց հետո Բայդենը պետք է զրուցեր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, ով նույնպես գտնվում է Հռոմում, որտեղ ընթանում է G20-ի գագաթնաժողովը։
Արձանագրության համաձայն՝ երկու պետությունների ղեկավարների հանդիպման սկիզբը նախատեսված էր 16.15-ին, սակայն Բայդենի ավտոշարասյունը հայտնվել է Ֆրանսիայի դեսպանատան տարածքում միայն 17.40-ին։
Հիշեցնենք, որ ներկայումս Ֆրանսիան և ԱՄՆ-ն այժմ հեռու են հարաբերությունների լավագույն շրջանից, և այս սառը շրջանը կապված է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում AUKUS բլոկի ստեղծման և Ավստրալիայի՝ Ֆրանսիայի հետ իր ռազմածովային ուժերի համար սուզանավերի շինարարության պայմանագրից հրաժարվելու հետ: