ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մակարդակը աշխարհում հասել է առավելագույնի վերջին 40 տարվա ընթացքում: Այդ մասին նա ասել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի նիստում՝ նվիրված ապամիջուկայնացման համար պայքարի միջազգային օրվան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միջուկային սպառնալիքը հասել է այն մակարդակի, որը չէր երեւում մոտ չորս տասնամյակ», - ասել է նա:
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ աշխարհում միջուկային զենքի թիվը նվազում է, «մենք տեսնում ենք սպառազինությունների նոր մրցավազքի տագնապալի նշաններ»:
«Հույսի նշաններ կան: Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի START III պայմանագիրը երկարաձգելու և ռազմավարական երկխոսություն սկսելու որոշումը դրական քայլ է: Հունվարին միջուկային զենքի արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելը նույնպես այդպիսին է»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրաժարվել «անվերջանալի միջուկային մրցակցությունից»: «Եկեք ընդմիշտ վանենք այս մեր գլխին կախված այս ամպը և սկսենք երկխոսության, վստահության և խաղաղության նոր դարաշրջան բոլորի համար», - ամփոփել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Չինաստանի նախկին դեսպան Շա Ցզուկան հայտարարել էր, որ Պեկինը պետք է պատրաստ լինի առաջինը միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նոր ռազմական բլոկի ձևավորման ֆոնին: Երկրների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում ավստրալացիները կստանան միջուկային նավակներ: Չինաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս փաստը սրում է միջուկային մրցավազքը: