Գաստրիտի և աղեստամոքսային տրակտի հետ կապված այլ խնդիրների դեպքում ավելի լավ է ձեռնպահ մնալ սուրճ և թունդ սև թեյ խմելուց, «Մոսկվա-24»-ին հայտնել է բժիշկ-դիետոլոգ Մարինա Ստեփանյանը: Նա ընդգծել է, որ բացարձակ վնասակար և բացարձակ օգտակար ըմպելիքներ չկան: Բայց այս երկու ըմպելիքների միջև մեծ տարբերություն կա:
Սուրճը կոֆեինով ավելի հարուստ է, քան թեյը, ուստի չի կարելի այն խմել քնելուց առաջ: Այլապես դա կարող է հանգեցնել նյարդային գրգռվածության և անհանգստության: Ընդհանուր առմամբ թեյի մեկ չափաբաժնում երկու անգամ քիչ կոֆեին կա, քան սուրճի նույնչափ չափաբաժնում: Հետևաբար կարելի է ավելի հաճախ թեյ խմել, քան սուրճ:
Կոֆեինը նպաստում է ակտիվության բարձրացմանը, ֆիզիկական դիմացկունության և կենտրոնացման աճին: Այնուամենայնիվ, այն ունի նաև կողմնակի ազդեցություններ. կոֆեինի մշտական օգտագործումը հանգեցնում է տկարամտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման: Սուրճի և թեյի մեջ պարունակվող պոլիֆենոլները դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: «Դրանք ազդում են անոթների տոնուսի վրա, ինչը խոչընդոտում է զարկերակային բարձր ճնշմանը և նվազեցնում կաթվածի ու ինֆարկտի ռիսկը»,- ասում է Ստեփանյանը:
Ընդհանուր առմամբ օրական թեյի սահմանափակումներ չկան, իսկ ահա սուրճ, առանց վտանգավոր հետևանքների, կարելի է օգտագործել օրական երկու բաժակից ոչ ավելի: