Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք օրինական չեն համարում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անօրինական է համարում Ղրիմի բռնակցումը: Այս ֆոնին Ղրիմում 2021թ.-ի սեպտեմբերի 17-19-ը անցկացված Պետդումայի ընտրությունները իրավական ուժ չունեն Թուրքիայի համար»,- նշել են գերատեսչությունում:
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել Ղրիմի տարածքում ՌԴ Պետդումայի ընտրություններ անցկացնելու փաստի առթիվ: Այս մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: Գործը հարուցվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 111 հոդվածով («պետական դավաճանություն»): Մեղադրյալներին սպառնում է 12-ից 15 տարվա ազատազրկում:
Նաև հաղորդվել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչել Ղրիմում տեղակայված ընտրատարածքներում անցկացված Պետդումայի ընտրությունները: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում: