Արտահերթ ընտրությունների անցկացումը հավանական սցենար է. իշխանությունը դիտարկում է դա
copy image url

Արտահերթ ընտրությունների անցկացումը հավանական սցենար է. իշխանությունը դիտարկում է դա

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:00 07-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում մամուլում կարծիքներ են հնչում, որ Արևմուտքը Հայաստանի իշխանություններից պահանջում է հաջորդ տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Հենց այս իրողությունից ելնելով էլ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին շրջանում փորձում է մի շարք համայնքներում ամեն գնով տեղական իշխանությունը վերցնել, որպեսզի առաջիկա ընտրություններում կարողանա հաղթել։

Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին, սակայն ՔՊ-ի կառավարման 5 տարիներին արդեն 2 անգամ ընտրություններն արտահերթ են անցկացվել, և այժմ չի բացառվում, որ հաջորդ գումարման խորհրդարանը նույնպես ձևավորվի արտահերթ ընտրությունների արդյունքում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշեց՝ քաղաքական զարգացումների համատեքստում բավականին նկատելի է, որ իշխանությունը դիտարկում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, սակայն չի կարող ասել՝ Արևմուտքից նման պահանջ կա՞, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների անցկացման մտադրության մասին հուշում են իշխանությունների հռետորաբանությունը և գործողությունների տրամաբանությունը։

Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է պայմանավորված լինել միջազգային միջավայրով և այն խնդիրներով, որոնք առկա են տարածաշրջանում՝ Հայաստանի անվտանգային միջավայրի հանդեպ։ Նա նշեց, որ դա կարող է կախված լինել թե՛ խաղաղության պայմանագրի քննարկումներում որևէ նոր հանգրվանի, կամ հեռանկարների հետ, թե՛ որոշ հարցերում մանևրելու անհրաժեշտության հետ։

«Բայց այն, որ դիտարկվում է այդպիսի սցենարի հնարավորությունը և դիտարկվում է որպես բավականին հավանական սցենար, նկատելի է»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք տարբեր համայքներում ՔՊ-ի կողմից տեղական իշխանությունն ամեն գնով վերցնելու ջանքերը պայմանավորվա՞ծ են հենց արտահերթ ընտրությունների անցկացման և դրանցում հաղթելու հանգամանքով, մեր զրուցակից նշեց, որ երբ ասում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման սցենարի առկայությունը նկատելի է, նաև հենց վերոհիշյալ իրողությունը նկատի ունի, քանի որ Հայաստանում ցանկացած իշխանության համար ՏԻՄ համակարգը եղել է և շարունակում է լինել կարևորագույն հենարան՝ որևէ համապետական ընտրական պրոցեսի համար։ Նրա խոսքով՝ դա նաև քաղաքական որոշակի օրինաչափություն է, քանի որ արդիական քաղաքական համակարգերում էլ ամեն ինչ կառուցվում է ՏԻՄ-ից վերև, կամ վերևից ՏԻՄ։

«Հարցի մյուս կողմն է, թե ինչ մեթոդներով և խաղի կանոններով է այդ ամենը կառուցվում։ Բայց անկասկած է, որ ցանկանցած իշխանություն իր ամրությունը փորձում է ապահովել նաև ՏԻՄ մակարդակում, և այն ինչ այսօր անում է Հայաստանի քաղաքական իշխանությունն, անշուշտ, ուղղված է դրան»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե որքանով է նոր ընտրությունների անցկացումը բխում իշխանությունների շահերից, քանի որ կարող է կրկնվել Երևանի ավագանու ընտրությունների սցենարը, քաղաքական մեկնաբանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ընտրությունների անցկացումը դիտարկում է ոչ թե իշխանությունների շահերից բխել-չբխելու, այլ առկա անհրաժեշտությունների համատեքստում։ Նա շեշտեց, որ որևէ իշխանություն չի ձգտի ավելորդ գլխացավանքի՝ ընտրական պրոցեսի տակ մտնել, հատկապես՝ այսօրվա իրավիճակում, սակայն այլ անհրաժեշտություններ կան։

«Իշխանությունները կարող են անհրաժեշտություն տեսնել այդ ընտրության միջոցով կա՛մ փորձել ինչ-որ քաղաքական որոշումներից առաջ այդ կերպ իրենց դիրքերն ամրապնդել, կա՛մ, հակառակ դեպքում, այդ կերպ մանևրեն արտաքին միջավայրում՝ ցույց տալով, որ չունեն իքս որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ հանրային մանդատ։

Այս տեսանկյունից խնդիրը հանգում է նրան, թե այդ պրոցեսները Հայաստանի ներսում ինչ մեթոդաբանությամբ կգնան առաջ. եթե ՀՀ-ում խնդիր դրվի ամեն գնով հասնել իքս ընտրական արդյունքին, ապա դա ոչ թե կամրացնի Հայաստանը, այլ ավելի կթուլացնի, իսկ եթե քաղաքական պրոցես ծավալվի, ապա ՀՀ-ն մանևրելու հնարավորություններ կստանա և դրա միջոցով կկարողանա փոքրիշատե ավելացնել իր քաղաքան ճկունությունը։ Թե ինչպիսին կլինի հեռանկարը, մենք կարող ենք միայն դատողություններ անել և դիտարկել հնարավոր զարգացման սցենարները»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան