2023-ին թուրքական առաջին արբանյակը տիեզերք է արձակելու Իլոն Մասկի SpaceX ընկերությունը
copy image url

2023-ին թուրքական առաջին արբանյակը տիեզերք է արձակելու Իլոն Մասկի SpaceX ընկերությունը

Արտաքին 3 տարի առաջ - 17:42 17-09-2021

Թուրքիան պատրաստվում է 2023թ. տիեզերք ուղարկել սեփական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակը՝ Türksat 6A-ն: Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:

Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, թուրքական արբանյակը տիեզերք կարձակի Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Falcon-9 հրթիռակրով: Ըստ Քարաիսմայիլօղլուի՝ ամերիկյան ընկերության առաջարկը լավագույնն է եղել թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական տեսանկյունից: Թուրքական արբանյակի տիեզերք արձակման մասին պայմանագիր ստորագրվել է արբանյակն արտադրողներից Türksat AŞ և SpaceX ընկերությունների միջև:

Նախարարը հայտնել է, որ արբանյակի արտադրական և փորձարկման աշխատանքները կավարտվեն 2022թ.-ին, իսկ ուղեծիր դուրսբերումը նախատեսվում է 2023 թվականի առաջին եռամսյակում:

Քարաիսմայիլօղլուն վստահեցրել է, որ արբանյակը ենթարկվելու է այդ ոլորտի արդյունաբերության մեջ ընդունված ստանդարտներին համապատասխանող փորձարկումներին: Նախագիծը հաջողությամբ ավարտելու դեպքում Թուրքիան տեղ կգրավի հաղորդակցության արբանյակներ արտադրող 10 երկրների շարքում: