Լիտվայի մաքսավորները, որոնք հայտնվել են Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզում բալթյան հանրապետության երկաթուղային և մաքսային ծառայությունների սխալի պատճառով, վերադարձել են իրենց ծառայության վայրը: Այդ մասին երկուշաբթի հայտնել է բալթյան հանրապետության մաքսային վարչությունը:
«Երկու մաքսավորներ, որոնք ուրբաթ՝ սեպտեմբերի 3-ին, ստուգել են ուղևորատար գնացքի փոստային վագոնը Մոսկվայից Կալինինգրադ ուղևորվելիս, նախքան ստուգման ավարտվելը գնացքի շարժվելու պատճառով հայտնվել են Կալինինգրադում, որտեղից նրանք կիրակի ժամանել են Լիտվա»,- ասված է հաղորդագրության մեջ: Ըստ կանոնակարգի՝ տարանցիկ ուղևորատար գնացքները սկսում են շարժվել սահմանապահների և մաքսային ծառայողների հատուկ ազդանշանից հետո:
Ռուսական կողմը, ըստ լիտվական մաքսային ծառայության, իր լիտվացի գործընկերներին ՌԴ տարածքում գտնվելու ընթացքում տրամադրել է ընդունելի կենսապայմաններ: