Իսպանացի ձեռնարկատեր Ռաուլ Կաստանեդան, երկրի հարավում գտնվող Մարբելյա առողջարանային քաղաքի ռեստորաններից մեկում մատուցողներին ավելի քան չորս հազար եվրո թեյավճար է թողել: Այդ մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 25-ին, հաղորդել է տեղական EL.Nacional պարբերականը:
Նշվում է, որ իսպանացու այս արարքի պատճառը եղել է այս հաստատության այցելուներից մեկի՝ սոցիալական ցանցում կատարած գրառումը: Իր հաղորդագրության մեջ տղամարդը, որը ընթրիքի համար վճարել էր 4098 եվրո, ներառյալ՝ 372 եվրո սպասարկման վճարը, դժգոհել էր, որ իրենից թեյավճար էին խնդրել:
Ինչպես պատմել է Կաստանեդան, գրառումը տեսնելուց հետո ցանկություն է առաջացել այցելել ռեստորան: Նա այնտեղ է եկել օգոստոսի 22 -ին՝ վեց հոգու ընկերակցությամբ: Ընթրիքից հետո ձեռնարկատերը խնդրել է հաշվի մեջ ներառել 4098 եվրոյի չափով թեյավճար՝ վճարելով ընդհանուր 8179 եվրո:
Այսպիսով, բացատրել է գործարարը, նա ցանկանում էր պարգևատրել հաստատության 15 մատուցողներից յուրաքանչյուրին:
«Ընթրիքի հաշվի գումարը, որով դու պարծենում էիր, ես թողեցի որպես թեյավճար մատուցողներին, որոնց պատճառով դու կատաղել էիր: Ի դեպ, սպասարկումը շատ լավն է», - մեջբերում է պարբերականը` Կաստանեդայի գրառումը սոցիալական ցանցում: