Եկատերինբուրգում 11-ամյա աղջիկը ութերորդ հարկի բարձրությունից ձեթ լի շիշ է նետել մարդկանց վրա, հայտնում է տարածաշրջանային E1 պարբերականը:
Թերթի տվյալներով, այդ ժամանակ պատշգամբների տակով անցնում էին երեք անցորդներ: Ոչ ոք վնասվածք չի ստացել. ձեթն ընկել է ասֆալտին և ցայտել մարդկանց վրա:
«Մենք անցնում էինք տան կողքով: Եվ հանկարծ մի շիշ մեծ արագությամբ թռչում է և կարող էր ընկնել ամուսնուս գլխին: Շիշը լի էր ձեթով... Այն թռավ դեմքիս առջևով: Ցայտել է բոլոր երեքիս վրա: Հասցրինք տեսնել պատշգամբից նայող մի աղջկա: Լավ, նա փչացրեց մեր իրերը, բայց կարող էր կյանք կործանել»,- ասել է տուժածներից մեկը:
Նրա խոսքով, տուժածները զանգահարել են շրջանի ոստիկանության հերթապահ բաժին, բայց ոչ ոք չի եկել: Այնուհետև զոհերը գլխի են ընկել, թե որ բնակարանում է ապրում աղջիկը, բարձրացել են և խոսել նրա մոր հետ: Նա ասել է, որ իր դուստրը նկարահանում է տիկտոկներ և, ամենայն հավանականությամբ, «ինչ-որ փորձ է կատարել»:
Փաստաբանի կարծիքով, որի հետ կապ է հաստատել պարբերականը, ռուսական օրենսդրությամբ, աղջկան այդ արարքի համար ոչինչ չի սպառնում: Բայց նրա ծնողները կարող են տուգանվել անչափահասին դաստիարակելու հարցում պարտականությունները չկատարելու համար: