Ամերիկացի գիտնականների հետազոտությունները հաստատում են, որ օրգանիզմում օմեգա-3 ճարպաթթուների բարձր մակարդակը մեծացնում է կյանքի տևողությունը: Նրանց հոդվածը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Գիտափորձի մասնակիցներին հետևել են 11 տարի: Նրանց առողջությունը գնահատելու համար հաշվի են առնվել սրտանոթային հիվանդությունների 8 ստանդարտ ռիսկի գործոններ (տարիքը, սեռը, ընդհանուր խոլեստերինը, շաքարախտը, ծխելը և այլն):
Պարզվել է, որ օմեգա-3-ը դրական ազդեցություն ունի սրտային համակարգի աշխատանքի վրա և օգնում է նվազեցնել բորբոքումները: Պարզվել է նաև, որ արյան մեջ օմեգա-3-ի բարձր պարունակությամբ մարդիկ հինգ տարի ավելի երկար են ապրում:
Օմեգա-3 են պարունակում այնպիսի մթերքներ, ինչպիսիք են սաղմոնը, թունան, տափակաձուկը, կտավատի սերմերը և չիայի սերմերը: