Լիցենզիա ունեցողի կողմից արտադրական կանեփի փոխանցումը լիցենզիա չունեցող անձին կառաջացնի տուգանք
copy image url

Լիցենզիա ունեցողի կողմից արտադրական կանեփի փոխանցումը լիցենզիա չունեցող անձին կառաջացնի տուգանք

Ներքին 3 տարի առաջ - 15:03 30-06-2021

Հայաստանում արտադրական կանեփի օրինական շրջանառության համար սահմանված պահանջների խախտման դեպքում կկիրառվի տուգանք:Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Նախագծով սահմանվում են մի շարք դրույթներ: Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով: Իսկ արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով: Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

«Դրույթների խախտումները նախատեսում են տուգանքի չափեր՝ յուրաքանչյուր դեպքի համար մինիմալ աշխատավարձի 5000-20000-ապատիկի չափով»,-ասաց Գաբրիելյանը:

ՀՀ ազգային ժողովը հունիսի 3ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը: