Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Սերբիայի Չաչակ քաղաքի «Սլոբոդա» պաշտպանական գործարանում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Սերբիայի ռադիո-հեռուստատեսությունը:
Նշվում է, որ առաջին պայթյունները տեղի են ունեցել զինամթերքի պահեստում:
«Լավ է, որ պայթյուններն ու հրդեհն արտադրական սրահներում չեն տեղի ունեցել»,- ասել է քաղաքապետ Միլուն Թոդորովիչը:
Պահեստները գտնվում են ձեռնարկության դարպասներից 800 մ հեռավորության վրա: Հարակից տներում ապրող բնակիչները տարհանվել են կամ թաքնվել տների նկուղներում, որոշ շենքերի ապակիները ճաքել են:
Ձեռնարկության մոտակա ճանապարհը 3 ժամ փակ է եղել, առավոտյան ոստիկանությունը թույլատրել է երթևեկությունը բոլոր փողոցներով՝ բացի գործարան տանողից:
Սերբիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինի խոսքերով, գործարանում երրորդ հերթափոխով աշխատող բոլոր աշխատակիցները ժամանակին տարհանվել են, տուժածներ չկան:
Հրդեհը դեռևս ամբողջովին չեն հանգցրել: