Ղրղզստանի խորհրդարանի նախկին խոսնակ և երկրի նախկին նախագահի եղբայր Ասիլբեկ Ժեենբեկովը կալանավորվել է 2 ամսով, հայտնում է «Սպուտնիկ Ղրղզստանը»՝ վկայակոչելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ասիլբեկ Ժեենբեկովը և խորհրդարանի փոխխոսնակ Տորոբայ Զուլպուկարովը հետապնդվում են «Կումտոր» ոսկու խոշոր հանքավայրի շահագործման ժամանակ կոռուպցիայի մեղադրանքով:
Ըստ հետաքննության՝ 1992-2019 թթ. պետական լիազոր մարմինների որոշ պաշտոնատար անձինք և «Կիրգիզալթին» լեռնահանքային ընկերության ղեկավարությունն անձնական շահ ունենալու համար հանքի շահագործման վերաբերյալ պայմանագրեր են կնքել, որոնք ակնհայտորեն անբարենպաստ են եղել երկրի համար:
Ձերբակալվածի եղբայրը՝ Սորոնբայ Ժեենբեկովը, Ղրղզստանի նախագահի պաշտոնից հեռացել է 2020 թ. հոկտեմբերի 15-ին: Նա հրաժարական տալու որոշում է կայացրել, երբ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների պատճառով երկրում զանգվածային բողոքներ են սկսվել: Հեռանալուց առաջ նա վարչապետ է նշանակել ընդդիմության ներկայացուցիչ Սադիր Ժապարովին, որն էլ հետագայում ընտրվել է երկրի նախագահ: