Այսօր Բաքվում տեղի է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների ներկա մակարդակի և հանդիպման նշանակության մասին
Oragir.News-ը զրուցեց իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։
Բեգիջանյանի խոսքով, երկու երկրների հարաբերությունները միշտ էլ եղել են մեծ ելևեջներով, սակայն այժմ դրանք գնում են դեպի ավելի բնականոն և սերտ մակարդակի։
«Պետք է այս հանդիպմանը վերաբերվել որպես բնականոնացման և հարաբերությունների սերտացման գործընթացի մի մաս»,- ընդգծեց իրանագետը։
Իրանագետը հայտնեց, որ Փեզեշքիանի պատվիրակությունը բավականին մեծ էր՝ շուրջ 120 հոգի, որոնց թվում կային ներկայացուցիչներ գիտության, զբոսաշրջության և այլ ոլորտներից։ Սակայն Բեգիջանյանը վստահեցնում է, որ Իրանի և Հայաստանի շահերի համընկնումը խոչընդոտում է որևէ քայլ ձեռնարկել ընդդեմ Հայաստանի։
«Քանի որ Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են, չի կարող որևէ բան լինել ընդդեմ Հայաստանի»,- նշեց նա։
Իրանագետը կարևորեց նաև տարածաշրջանային անվտանգության համատեքստը՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր քայլերի հետ Իրանի դեմ։ «Երկու կողմերի՝ Ադրբեջանի և Իրանի խնդիրն էլ ԱՄՆ-Իսրայելի հետագա հարձակումից ապահովագրված լինելն է, դրա համար կարևոր է ունենալ ռազմական և անվտանգային լավ հարաբերություններ»,- բացատրեց Բեգիջանյանը։
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանի դիրքորոշումը հստակ է մնում։ «Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է Իրանի համար, և նույնիսկ Իրանը պատրաստ է այլ միջանցք տրամադրել իր տարածքով՝ ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի կապը»,- ասաց իրանագետը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, Էմմա Բեգիջանյանը հիշեցրեց, որ Իրանը միշտ էլ Լեռնային Ղարաբաղը համարել է Ադրբեջանի անքակտելի մաս։
«Իրանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի անքակտելի մասը, սակայն դա Իրանի մշտական դիրքորոշումն է եղել և որևէ նոր բան չի պարունակում։ Իրանի համար կարևոր են տարածքային ամբողջականության հարցերը»,- եզրափակեց նա։