Պատգամավորներն առաջարկում են բարձրացնել հանքավայր շահագործողների ռոյալթիների դրույքաչափերը
copy image url

Պատգամավորներն առաջարկում են բարձրացնել հանքավայր շահագործողների ռոյալթիների դրույքաչափերը

Ներքին 3 տարի առաջ - 14:23 21-05-2021

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի, Եղիշե Սողոմոնյանի ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

Արտակ Մանուկյանը նշեց, որ նախագիծը մետաղական հանքավայր շահագործողների ռոյալթիների դրույքաչափերի մասին է:

Համահեղինակը նշեց, որ բնօգտագործման վճարները չեն արտացոլում այն իրականությունը, որը գոյություն ունի: Նրա խոսքով՝ ընդերքը ժողովրդի սեփականությունն է, ուստի, ըստ նրա, ռոյալթիի գործող դրույքաչափերը ցածր են: Մանուկյանն առաջարկում է բարձրացնել ռոյալթիների դրույքաչափերը՝ հանքահումքային ոլորտում ներդնելով արդար հարկման ինստիտուտ, ինչպես նաև այդ բնագավառում հաշվետվողականությունը դարձնել ավելի թափանցիկ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը: Նրա խոսքով՝ ռոյալթիի գծով փոփոխությանը պետք է նախորդի վերլուծություն ռոյալթիի գործող համակարգի վերաբերյալ: «Եթե ռոյալթիի գծով բեռը համարժեք է, ապա փոփոխություն կատարելու առաջարկը հասկանալի չէ, իսկ եթե կա փոփոխության կարիք, պետք է հասկանալ՝ ինչ չափով, գուցե պետք է ոչ թե բարձրացնել, այլ իջեցնե՞լ: Հանքարդյունաբերության ոլորտը մեր տնտեսության համար առանձնահատուկ ոլորտ է՝ ՀՆԱ-ի մեծ մասնաբաժին է գեներացվում, արտահանման մեծ ծավալ, մեծ հարկեր և մեծ զբաղվածություն: Համավարակի և ավելի շատ պատերազմի հետևանքով ոլորտն անդառնալի կորուստներ է կրել»,- ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ միջազգային հետազոտողները Հայաստանի համար ռոյալթիի մակարդակը ոչ ցածր, ոչ բարձր են գնահատել, բայց նաև զգուշացրել են հետևողական լինել այն վերանայելու հարցում: Ա.Պողոսյանն ամփոփեց՝ նշելով, որ Կառավարությունն առաջարկում է այս պահին ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից:

Արտակ Մանուկյանն առաջարկեց նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգել՝ այն լրամշակելու և թերությունները վերացնելու նպատակով: