JenMsft մականունով Twitter-ի օգտատերը հրապարակել է լուսանկար, որում պատկերված է չորս մարդ, բայց նրանցից մեկը «ջնջվել է» օպտիկական պատրանքի պատճառով, ուստի նկարում նա գործնականում անտեսանելի է:
Նկարն արվել է բնության մեջ: Չորս տղամարդ ալկոհոլի փոքր շշեր են պահում ձեռքերին: Սակայն մի դեպքում, լանդշաֆտի հետ միաձուլված կամուֆլյաժային հագուստի պատճառով, տեսանելի է միայն տարան բռնող ափը: «Ուղեղս հրաժարվում է հավատալ, որ այս լուսանկարում չորս մարդ կա»,- գրել է օգտատերը:
Հրապարակումն ստացել է ավելի քան 160 հազար հավանում: Մեկնաբանություններում շատերը խոստովանել են, որ անմիջապես չեն տեսել նկարում պատկերված բոլոր մարդկանց: Ըստ ckramer93 օգտատիրոջ՝ նկարը հասկանալու համար իրենից պահանջվել է մոտ հինգ րոպե, և այն խոշորացնելուց հետո միայն հասկացել է, որ լուսանկարում ոչ թե երեք, այլ չորս մարդ կա:
Ոմանք նշել են, որ սա ապացույց է այն բանի, որ քողարկումն իսկապես աշխատում է, և այդպես կարելի է խաբել մարդկանց: «Առաջին անգամ եմ տեսնում, երբ քողարկումը իրականում գործում է»,- գրել է hspter անունով օգտատերը: Ավելի ուշ գրառման հեղինակն ասել է, որ ի սկզբանե նկարը գտել է Reddit-ի հատուկ confusing_perspective բաժնում:
Ավելի վաղ համացանցում շան լուսանկարում առկա օպտիկական պատրանքը ևս տարաձայնություններ էր առաջացրել։ Օգտատերերը չէին կարողանում որոշել`լուսանկարում շո՞ւն է նկարված, թե՞ տղամարդ: Նկարն արվել էր ձմեռային անտառում։ Ոմանք նշմարել են սև կենդանու, իսկ մյուսները՝ բաճկոնով տղամարդու։