ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսը հունվարի 18-ին՝ երկուշաբթի, վաղաժամ կհեռանա սենատորի իր պաշտոնից, վկայակոչելով հավաստի աղբյուրների՝ հայտնում է Associated Press-ը:
Ըստ իրազեկ աղբյուրների՝ Հարիսի տեղը զբաղեցնելու է դեմոկրատ Ալեքս Պադիլիան, որը Կալիֆորնիայի նահանգից լատինամերիկացի առաջին սենատորն է:
Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Կամալա Հարիսի երդմնակալության արարողությունը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Նախագահի հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և ներկայիս առաջնորդ, հանրապետական Դոնալդ Թրամփը: Համաձայն ժողովրդական քվեարկության արդյունքների և ընտրողների քվեարկության՝ հաղթել է Բայդենը, բայց Թրամփը չի ճանաչել ընտրությունների արդյունքները և դրանք վիճարկել է դատարաններում:
Հունվարի 6-ին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք `ընդհատելով այն հանդիպումը, որի ընթացքում խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի բռնությունները և խոստացել երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը: