Ուկրաինան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել, որ օգտակար հանածոների հարցով ստորագրվելիք համաձայնագրում չի հաշվառվելու այն օգնությունը, որը տրվել է մինչ այդ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Նրա խոսքով, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:
«Առավել կարևորն այն է, որ մենք հստակ նշել ենք մեր կարմիր գծերը. համաձայնագիրը պետք է համապատասխանի եվրոպական պարտավորություններին և չհակասի Ուկրաինայի Սահմանադրությանը և օրենսդրությանը։ Հաջողվել է պայմանավորվել, որ փաստաթղթում չի հաշվարկվելու այն օգնությունը, որը տրամադրվել է մինչ դրա ստորագրումը», – գրել է Շմիգալը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է փոխհատուցում ստանա Ուկրաինային տրամադրված ռազմական և այլ օգնության համար՝ նշելով թվեր, որոնք Կիևը չափազանցված էր համարել։
Ուկրաինական կողմը պնդել էր, որ օգնությունը տրամադրվել է անվճար և չի կարող դիտարկվել որպես պարտք։