Ներքաղաքական կյանքում անսովոր աշխուժություն է նկատվում։ Ակտիվացել են և՛ քաղաքական մեծամասնությունը, և՛ պոտենցիալ մրցակիցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ապրիլի 26-ին տեսանյութ է հրապարակել՝ «Նիկոլ Փաշինյան՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ»:
4 րոպեանոց հոլովակում ներկայացվում է Փաշինյանի հասարակական, քաղաքական ակտիվությունը, սկսած երիտասարդ տարիքից։ Այն նախընտրական գովազդային հոլովակ է հիշեցնում։ Մինչ այս տեսանյութը, քարոզարշավի պատկեր էր հիշեցնում «Կրթվելը նորաձև է» դահլիճային հանդիպումները։ Իսկ այս տեսանյութն ապացուցեց, որ Փաշինյանի թիմը ֆրոնտալ քարոզչություն է սկսել։ Եվ գրեթե բացառվում է, որ արդարության ջատագովները, իրավապաշտպանները կամ ԿԸՀ-ն նկատեն, որ խախտվում են հավասար մեկնարկային պայմանները, Փաշինյանի քարոզարշավը վարողները վարչական ռեսուրս են կիրառում, «Իմ քայլը» օրեցօր ավելի մեծ գումար է պահանջում հերոս հարկատուներից։
Ասում են, թե ընտրությունների քարոզարշավն սկսվում է նախորդ ընտրությունների հաջորդ օրը։ Սակայն այսպիսի մերկ քարոզչական քայլերը վկայում են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։
Ինչո՞ւ են Փաշինյանի քարոզարշավ սկսել։ Պարտարստվում են ԱԺ արտահերթ ընտրությունների՞, թե՞ ՔՊ-ի վարկանիշն այնքան ցածր է, որ 1 տարի առաջ են սկսել քարոզարշավը։
Արտահերթ ընտրությունների հավանակությունը պայմանավորված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, որը ենթադրաբար՝ տեղի կունենա մայիսի 9-ին Մոսկվայում։ Դրանից հետո Փաշինյանի վարկանիշը շեշտակի կաճի աշխարհում, և հարմար պահ կլինի վերընտրվելու համար։ Իսկ արտահերթը կարող են հիմնավորվել բացված խաղաղության դարաշրջանի նոր օրակարգով։
Արտահերթի հավանականությունն ունի նաև արտաքին գործոն։ Ուկրաինա-ռուսական պատերազմն առաջիկայում հնարավոր է կավարտվի։ Ինչպես վստահեցնում է ԱՄՆ նախագահը՝ կբավարարվեն ռուսական նկրտումների մի մասը։ Այսպիսի ելքը կոգևորի Մոսկվային, որը ռևանշի կձգտի նաև իր երբեմնի ազդեցության այլ գոտիներում, մասնավորապես՝ ՀՀ-ում կփորձի հաստատել ավելի հակահայ ռեժիմ, քան Նիկոլ Փաշինյանինն է։
Այսպիսի հնարավոր զարգացումները հաշվի առնելով, Փաշինյանը բացահայտ քարոզարշավ է սկսել։ Չնայած՝ նրա վարկանիշը մյուս հավակնորդներից բարձր է, սակայն Գյումրին ցույց տվեց, որ Փաշինյանի հանդեպ հիմնավորված ատելությունը կարող է միավորել ժողովրդին և պարտության մատնել ՔՊ-ին։ Հետևապես՝ Փաշինյանը մեկնարկած քարոզարշավով փորձում է բարձրացնել իր վարկանիշը, մոտեցնել 50 տոկոսին։ Չի բացառվում, որ առաջիկայում հանրությանը կբաժանվեն նաև Փաշինյանի նկարով բուկլետներ ժողովրդի հանդեպ սիրո խոստովանությամբ։
Այս շարժը ակտիվացնելու է նաև մյուս ակտորներին, քանի որ քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմությունը հաղորդակից անոթներ են։ Եթե ՔՊ-ն ակտիվ քարոզարշավ է սկսում, ապա մրցակցիները՝ նույնպես սկսելու են։ Մայիսի 26-ին զուգահեռաբար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հանդիպել «Հայկական համալսարանի» ուսանողների հետ, անդրադարձել Արցախյան շարժմանը, պատերազմներին, դրանց հետևանքներին, տարած հաղթանակներին ու դիվանագիտական հաջողություններին, ինչպես նաև այս ամենին հաջորդած պարտությունը։ Ակհայտ է, որ սա նույնպես քարոզարշավի պատկեր է հիշեցնում։
Կարճ ասած՝ առաջիկա ամիսները թեժ են լինելու։ Մտավախություն կա, որ Փաշինյանը կարող է ձախողվել վարկանիշը բարձրացելու հարցում և քաղաքացիական բախումներ հրահրել, հետո բռնություններ կիրառել զուգահեռաբար ակտիվացած հավակնորդների ու մրցակիցների նկատմամբ, արհեստականորեն դուրս թողնելով նրանց մրցակցությունից։ Այս պարագայում ժողովրդի ատելությունը շեշտակի կաճի, ու Փաշինյանը ստիպված կհրաժարվի արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից, հանգիստ կսպասի 2026-ին, կպարտվի ու կհեռանա։
Թաթուլ Մկրտչյան