Մենք մտավորականներ չունենք․ Մանսուրյանն ինքն է որոշում՝ խոսի՞, թե՞ ոչ. Աննա Մայիլյան
copy image url

Մենք մտավորականներ չունենք․ Մանսուրյանն ինքն է որոշում՝ խոսի՞, թե՞ ոչ. Աննա Մայիլյան

Ներքին Խոսք 4 ժամ առաջ - 21:07 25-04-2025
Համացանցի օգտատերերին վրդովեցրել է նախօրեին Ծիծեռնակաբերդում ստեղծված տհաճ իրավիճակը՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի մասնակցությամբ։ Հուշահամալիր այցելած ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին լրագրողներից մեկը հարց է տվել այն մասին, թե ինչո՞ւ մտավորականությունը բողոքի ձայն չի բարձրացնում երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Օգտատերերն այս հարցը որակում են որպես ոչ կոռեկտ, սակայն եկեք համաձայնենք, որ մաեստրոն այն հեղինակությունն է, ումից կարելի է սպասել որևէ աջակցություն, խորհուրդ կամ փրկության հայցում։

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էլ թեմայի հետ կապած ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շաքե Ավոյանը ամեն ինչ ասել է: Ստորագրում եմ ամեն բառի տակ: Կներեք մեզ, սիրելի մաեստրո, կներեք, որ այնքան անկարող ենք ու այնքան անզոր, որ Ձեզնից` 86 տարեկանում, Ձեզնից ենք աջակցություն, փրկություն հայցում, Ձեզնից ենք խնդրում, պահանջում պայքարել, բարձրաձայնել ինչ֊որ բան, ու չենք էլ լսում, թե որքան է նվաղել Ձեր` չքնաղ մեղեդիներ ստեղծած ձայնը։ Կներեք, որ պահանջում ենք հերոս լինել, որովհետև չունենք այլ հերոսներ... Կներեք, որ Ձեր տաղանդը ոչ թե անխոցելի վահան է Ձեր անվերապահ հեղինակության համար, այլ այդ տաղանդը Ձեզ դարձնում է բաց թիրախ` մեր անհույս ակնկալիքների, մեր դառը բարկության առջև։ Կներեք, որ (մեղեդու աշխարհից դուրս) հերոս չեք... Ու թող օրհնվեն բոլոր այն անհայտ մարդիկ` իրենց բոլոր սերունդներով, որ օգնել են Ձեր ծնողներին փրկվել ցեղասպանությունից ու հայ ժողովրդին հնարավորություն են տվել` ունենալ Մաեստրո Տիգրան Մանսուրյան»:

Oragir.News-ը թեմայի հետ կապված զրուցեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի հետ, ում խոսքով՝ մենք մտավորականներ չունենք։

«Մաեստրոն իրավունք ունի խոսելու կամ չխոսելու։ Մենք ունե՞նք մտավորականություն։ Մենք բացարձակ չունենք մտավորականություն։ Մանսուրյանը ճանաչված կոմպոզիտոր է, այդքան բան։ Մտավորականը այն մարդն է, ով օրվա իրադարձությունների շուրջ կարողանում է իր կարծիքն արտահայտել։ Ժամանակն է այդպիսին, ինձ համար մենք չունենք լիարժեք մտավորական։ Ես իրավունք չունեմ համաձայն լինելու կամ չլինելու նրա դիրքորոշման հետ։ Մենք չենք դատողը, Աստված է դատողը։ Դա Մանսուրյանի որոշումն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ամենից շատ դիտված