Ոչ մի օր՝ առանց Արցախի. Ռազմիկ Պետրոսյան․ Լև Յաշինի դեմ․ Ելցինն ու Արցախի թթի օղին
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. Ռազմիկ Պետրոսյան․ Լև Յաշինի դեմ․ Ելցինն ու Արցախի թթի օղին

Ներքին 4 ժամ առաջ - 22:45 25-04-2025
Անդրադառնալով Արցախի մարզամշակութային անցյալին, Արցախյան շարժմանն ու պատերազմին, արժե հարգանքի տուրք մատուցել ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանին, ով բավականին ծանրակշիռ ներդրում է ունեցել․ սկզբից որպես ֆուտբոլիստ, ապա՝ որպես մարզիչ, հետո՝ որպես Շարժման ամենաակտիվ անդամներից ու ինքնապաշտպանության գործի կազմակերպիչներից մեկը։



Ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 7-ին՝ Կիրովաբադում, որտեղ ապրելու տարիներին աչքի է ընկել երկու բանով՝ որպես տաղանդավոր ֆուտբոլիստ և ադրբեջանցի լկտի պատանիներին տեղը դնելու հմտությամբ։
1957-ին ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, 1965-ին՝ Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը։

Իր ֆուտբոլային հարուստ կարիերայի ընթացքում խաղացել է Նովոռոսիյսկի «Ցեմենտ», Ստեփանակերտի «Ղարաբաղ» և Երևանի «Արարատ» թիմերում։

1977-ից մարզել է «Ղարաբաղ»-ը, որը հենց այդ տարի դարձել է Ադրբեջանի չեմպիոն։

Պետք է ասել, որ դա, իսկապես, բացառիկ նվաճում էր՝ այդ տարիներին ադրբեջանական ֆուտբոլի ղեկավարությունն ամեն ինչ անում էր, որպեսզի դա տեղի չունենա ոչ մի դեպքում․ Բաքվի թիմերից մեկի մարզիչ Նամազովի՝ ֆեդերացիայի ղեկավարներից Ալեքսանդր Յամպոլսկուն ուղղված խնդրանքը, թե վերջապես կանգնեցրեք հայերի առաջխաղացումը, միակ չէր։ Այնուամենայնիվ, մերոնք հաղթեցին հսկայական առավելությամբ՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ՝ խփելով 69, բաց թողնելով ընդամենը 12 գնդակ, իսկ առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Վալերի Հայրիյանը՝ խփած 28 գնդակով։

Այսպես, «Ղարաբաղն» իրավունք ստացավ հաջորդ՝ 1978 թվականի մրցաշրջանից հանդես գալ ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբում։ Այստեղ էլ թիմը հանդես եկավ բարձր մակարդակով․ 1979 թվականի մրցաշրջանում «Ղարաբաղը», որ խմբի թիմերի մեջ ամենաանտերն էր (նախորդ հրապարակումներից մեկում մենք պատմել ենք ԽՍՀՄ ժամանակներում ֆուտբոլում հովանավորչության ու կոռուպցիայի մասին), երրորդ տեղը գրավեց՝ առաջին տեղը գրաված՝ Վրաստանի գուրիացի ղեկավար Էդուարդ Շևարդնաձեի հետևողական հովանավորչությունը վայելող Լանչխութիի «Գուրիա»-ին զիջելով ընդամենը 3 միավոր (իր զորեղ հովանավորի շնորհիվ, «Գուրիան» նաև ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խումբ կհասնի)։

Երևանի «Արարատ»-ում Ռ․ Պետրոսյանը խաղացել է Սարգիս Հովիվյանի, Ալեքսանդր Կովալենկոյի և Սերգեյ Բոնդարենկոյի հետ միասին:


(աջից առաջինն Ալեքսանդր Կովալենկոն է, երրորդը՝ Ռազմիկ Պետրոսյանը, ութերորդը՝ Սարգիս Հովիվյանը)

Հիմնական կազմում տեղը կորցրել է Մոսկվայի «Դինամո»-ի հետ խաղում աշխարհահռչակ, բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ ճանաչված, 1963 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լև Յաշինի հետ մենամարտը տանուլ տալու պատճառով։

-Ես միայնակ դուրս եկա Յաշինի դեմ։ Մտածեցի՝ քիչ էլ առաջանամ ու շրջանցեմ նրան։ Բայց նա հանճարեղ հնարքի դիմեց․ երկու-երեք քայլ արեց՝ իբր նետվում է դեպի ինձ։ Ես մտածեցի գնդակը կախել նրա գլխի վրայով, ու այդ պահին նա արագորեն ետ վազից և գնդակը բռնեց օդում, -պատմել է Ռ․ Պետրոսյանը։

1984 թվականից Ռ․ Պետրոսյանը Ստեփանակերտի՝ Ս․ Շահումյանի անվան ստադիոնի տնօրենն էր։ Հենց անմիջապես կազմակերպեց վազքասերների ակումբը, առողջարանական գոտին, բադմինտոնի սեկցիան, քիչ անց՝ նաև աղջիկների ֆուտբոլային թիմը։

Արցախյան շարժման հենց սկզբից նա գլխավոր դերակատարներից էր։ Մեծ ու համակողմանի ներդրում ունեցավ Շարժման կազմակերպական աշխատանքներում։

1988-ի փետրվարին Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ Կոնովալովը, վարչական մարմինների բաժնի վարիչ Մ․ Ասադովը, Պետանվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ի․ Ամրանովը շքախմբով ժամանեցին Ստեփանակերտ, որպեսզի կազմակերպեն քաղկոմների, շրջկոմների և մարզկոմի ակտիվների նիստը, որում կդատապարտվեր Արցախը Հայաստանին միացնելու առաջարկությունը։

Ադրբեջանի ղեկավարությունը մարզկոմի շենքում կազմակերպված նիստում ամեն կերպ փորձում էր սպառնալիքների գնով համոզել Շարժման ակտիվիստներին՝ հետ կանգնել իրենց նպատակից։ Շարժման որոշ առաջնորդներ իրենց ելույթներում հիմնավորեցին որոշման արդարացիությունը։ Արցախի այն ժամանակվա ղեկավար Բորիս Կևորկովը զգուշացրել էր՝ ոչ մի կերպ թույլ չտալ, որ Պետրոսյանը ելույթ ունենա։ Ու երբ նա մոտենում է ամբիոնին, մարզի Պետանվտանգության բաժնի պետն ու մարզային միլիցիայի վարչության պետն ամուր թևանցուկ են անում Ռազմիկին, ով հրում է նրանց ու վերցնում միկրոֆոնը։

-Մարզն այլևս Ադրբեջանին չի ենթարկվում։ Ակտիվի անդամների անունից հեռագիր ուղարկեք Մոսկվա՝ Կենտկոմ, որ հանձնաժողով գա և լուծի հարցը։ Ով համաձայն է՝ ձեռք բարձրացնի,-ասում է Ռազմիկը, և բոլորը կողմ են քվեարկում։

Հետո եղավ փետրվարի 20-ի պատմական նստաշրջանը, որի կազմակերպման գործում Պետրոսյանը զգալի ներդրում ունեցավ․ քվորումի համար անհրաժեշտ էր նստաշրջանի աշխատանքներին բերել էլի երեք պատգամավորի․ ու Ռազմիկն այդ գործը կազմակերպեց, ընդ որում, մի կին պատգամավորի Մարտունու շրջանի Աշան գյուղից Ստեփանակերտ հասցրին ձիով։

Մարզկոմի որոշումը դրվում է իբր մահացած հին կոմունիստի դագաղի մեջ, և Ռոլես Աղաջանյանը, Պավել Նաջարյանն ու Ռոբերտ Բաղդասարյանը շտապ օգնության մեքենայով հասցնում են օդանավակայան, որտեղ նրանց սպասում էին բժիշկ Վալերի Մարությանն ու Ռազմիկ Պետրոսյանը։ Պատմական որոշումն ուղղաթիռով հասցվում է Երևան (արդեն բոլոր ուղղությունների վրա ճանապարհները վերահսկվում էին)։

Երևանում և Բաքվում բազմահազարանոց հանրահավաքներ էին ընթանում։ 1989-ի օգոստոսի 30-ին ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին Ռազմիկ Պետրոսյանին կանչում է իր մոտ․ տեղեկություն կար, որ ադրբեջանցիները մտադիր են հարձակվել Արցախի վրա։

-Ռազմիկ Արշակովիչ, ինչքա՞ն մարդ կարող եք հանել,- ասում է Վոլսկին մտահոգ։
-Կարող ենք 10 հազար մարդ հանել, բայց զենքի խնդիր ունենք։
-Դե, եթե բանը դրան հասնի, ձեզ զենք կտրամադրվի Ստեփանակերտի քիմծառայության գումարտակից (գտնվում էր Ստեփանակերտի գինու գործարանից ներքև-Կ․Մ․),- եզրափակում է Վոլսկին։

Երբ եղավ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը, Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի նախագահ Վաչագան Գրիգորյանը, ԼՂԻՄ մարզգործկոմի նախագահ, այդ ժամանակ՝ Հատուկ կառավարման կոմիտեի անդամ Սեմյոն Բաբայանը և Ռազմիկ Պետրոսյանն Արկադի Վոլսկուն խնդրում են թույլ տալ ԼՂԻՄ մարզգործկոմի շենքի (հետագայում՝ Արցախի Հանրապետության կառավարության շենքը) վրայից հանել Ադրբեջանի դրոշը։ Արցախի պարետ՝ տխրահռչակ գեներալ Սաֆոնովի հրամանով պահակախումբ էր կարգված շենքում, և Վոլսկին զանգահարում է գեներալին ու ցուցում տալիս մեկ ժամով հանել պահակախումբը, ինչը և արվում է։ Հետագայում ուղղաթիռի վթարից զոհված Լյովա Առստամյանի հետ Ռազմիկը ստադիոնից մի մեծ աստիճան է բերում, և հանում են Ադրբեջանական ԽՍՀ դրոշը, որի խոխարեն քիչ անց սկսում է փողփողալ Հայկական ԽՍՀ դրոշը․․․


(Ռազմիկ Պետրոսյանը՝ վերևի շարքում՝ ձախից երկրորդը՝ արցախյան ֆուտբոլի երախտավորների հետ)

Հետո Ռազմիկին իր մի քանի այլ ընկերների հետ ձերբակալում են, ու նրանք մի քանի ամիս անցկացրին բանտում։

Երբ Բորիս Ելցինն ու Նուրսուլթան Նազարբաևը ժամանեցին Ստեփանակերտ (որքան հիշում եմ՝ 1990-ի վերջերին), հավաքվել էին Արցախի գործադիր իշխանության ղեկավար Լեոնարդ Պետրոսյանի աշխատասենյակում։ Ռազմիկն էլ էր, ում Լեոնարդը հարցրեց՝ թթի օղի ունե՞ս։
- Կարող եմ բերել,-պատասխանեց Ռազմիկը։
-Լավ, որ պետք լինի՝ կասեմ, մոտս տեսակավոր կոնյակ կա։

Մի քիչ խոսելուց հետո, Նազարբաևն ուզեց մի քանի րոպեով դուրս գնալ, որից առաջ շշուկով ասաց․
-Թույլ չտաք խմի՝ վատառողջ է։

Ելցինը, Լեոնարդն ու Ռազմիկը մտնում են Լեոնարդի հանգստի սենյակ, որտեղ սեղանին դրված էին Արցախի տեսակավոր կոնյակներ ու մրգեղեն։ Ռուսաստանի ղեկավարն իր ձեռքով շիշը դատարկում է 200 գրամանոց երեք բաժակների մեջ ու ասում․
-Ղարաբաղի համար, թող որ Ղարաբաղն ազատ լինի։

Խմում է ու ասում․
-Կներեք, բայց ես մեկն էլ եմ խմելու։ Ասում է ու երկրորդն էլ լցնում։ Խմում է ու ասում․
-Լավ, գնանք, հիմա Նազարբաևը կգա։ Իսկ երեկոյան՝ ընթրիքին, օղի կխմենք։

Մտնելով աշխատասենյակ՝ Նազարբաևը միանգամից Ելցինի դեմքին է նայում ու ամեն ինչ հասկանում։ Հետո նայում է Լեոնարդի ու Ռազմիկի կողմը, գլխով Ելցինին ցույց տալիս ու ասում․
-Արդեն խմե՞լ է, հա՞։
-Ելցինն էլ ժպտադեմ ասում է․
-Я в форме!

Իսկ արդեն երեկոյան, Բորիս Ելցինն առատորեն համտեսում է Արցախի թթի օղին։

Ռազմիկ Պետրոսյանը զգալի ներդրում է ունեցել զենք-զինամթերքի հայթայթման և ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման գործում, իր ջոկատով մասնակցել ինքնապաշտպանական մարտերին։


Պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանը նշել է, որ նա առաջիններից մեկն էր, եթե ոչ առաջինը, ով հենց 1988-ից պնդել է, թե Ադրբեջանի հետ ընդհարումն անխուսափելի է, և պետք է շուտափույթ ձեռնամուխ լինել զինվելու գործին։

1990 թվականին Ռ․ Պետրոսյանն ընտրվել է ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։
Երբ ստեղծվեց Պաշտպանության բանակը, նա նշանակվեց նրա ֆիզիկական պատրաստականության բաժնի պետը։

2000-2003 թվականներին ԼՂՀ ՆԳՆ փոխնախարարն էր։
2010 թվականին Ռ․ Պետրոսյանն արժանացել է ՀՀ և ԼՂՀ «Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» կոչմանը։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝
այստեղ:

Ամենից շատ դիտված