Խորհրդային Ադրբեջանի կազմում արցախցիները մշտապես ենթարկվել են համակողմանի ճնշումների ու հալածանքների, խտրականությունը դրսևորվում էր ամենաանհավատալի իրավիճակներում (օրինակ, Բարդայի շրջանում բամբակաքաղին մասնակցող՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ադրբեջանցի ուսանողներին հավաքած մեկ կիլոգրամ բամբակի համար վճարում էին 20, հայ ուսանողներին՝ 10 կոպեկ․․․)։
Ու պայքարի և ընդվզման ոգին միշտ վառ է եղել արցախցիների սրտում, նրանք երբեք չեն համակերպվել իրականության հետ, անհամաձայնությունն ու դժգոհությունները միշտ են եղել, ինչպես, օրինակ, Ստեփանակերտի ավտոբազայի վարորդների ընդվզումը 1960-ականների սկզբին, որի պատճառն իրենց ու ադրբեջանցի վարորդների միջև եղած տարբերությունն էր, սովորական համեմատությունը․ խմորումներ էին հասունանում նաև շինարարների շրջանում, ու շուտով մարզկոմի առաջին քարտուղար Շահնազարովին ազատեցին աշխատանքից։
Հատկապես երիտասարդ սերնդի համար պարզաբանենք․ ԽՍՀՄ-ում տնտեսությունը պլանային էր․ յուրաքանչյուր միութենական հանրապետության, մարզի, քաղաքի, գյուղի, կոլտնտեսության ու գործարանի վրա պլան էր դրված՝ առաջիկա հինգ տարիներին («հնգամյակներ» էին կոչվում իբր զարգացման փուլերը) արտադրել այսքան ու այսքան՝ այսինչ, այնինչ ու երրորդ մթերքներից ու ապրանքներից։ Եվ ահա՝ արցախցի մտավորականները համեմատում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա դրված պլանային պարտավորությունները։ Տարբերությունն ուղղակի հսկայական, աղաղակող էր։
Համբերության բաժակը վաղուց էր լցվել, և 1965 թվականի հունիսին Բագրատ Ուլուբաբյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, Լազր Գասպարյանը, Արկադի Մանուչարովը, Վառլեն Լազարյանը, Արամ Բաբայանը և էլի յոթ արցախցի մտավորականներ նամակ հղեցին ԽՍՀՄ ղեկավարությանը՝ Արցախը մայր Հայաստանի հետ վերամիավորելու խնդրանքով («13-ի նամակը»)։ Իսկ ԽՍՀՄ ղեկավարությունն էլ, արցախցու ասած՝ արևը կծիմ՝ նամակն ուղարկում է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմ․ արցախցիների վրա բռնացողները հենց նշանակված էին դատավորներ․․․
Սկսվեցին հալածանքները նրանց նկատմամբ, եղան ձերբակալություններ, ոմանք ազատվեցին աշխատանքից, ոմանք ստիպված լքեցին հայրենի եզերքը․․․
Նամակի տակ ստորագրածներից լավ ճանաչել եմ արձակագիր, հրապարակախոս, լրագրող, թատերագետ Մաքսիմ Հովհաննիսյանին, ով եղել է Արցախի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեի նախագահը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիրը, «ԼՂ Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը և ԼՂՀ Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարը։

Ընդհանրապես, Արցախում գտնվելուս տարիներին փայլուն մտավորականների քիչ չեմ հանդիպել և ժամանակի ընթացքում դեռ կանդրադառնամ նրանցից շատերին, ովքեր միշտ էլ հաճելիորեն զարմացրել են իրենց բարձր պատրաստականությամբ․ Ալեքսանդր Գրիգորյան, Մարսել Պետրոսյան, Միքայել Հաջյան, Գեղամ Բաղդասարյան, Վահրամ Աթանեսյան, Արտաշես Գասպարյան, Հայկազն Ղահրիյան․․․ Ընդ որում, գրեթե բոլորն առանձնանում էին մի տեսակ՝ հող ու ջրին, քար ու շենին առանձնահատուկ կապվածությամբ, որ ոչ մի այլ տեղ չեմ տեսել։ Ու դա կոնյունկտուրա չէր, դա էություն էր․ արցախցի մտավորականների կյանքն էքստրիմի պես մի բան էր՝ իրենք միշտ պայքարի մեջ էին։
Ի դեպ, նրանցից յուրաքանչյուրը հեշտությամբ կկատարեր լրատվական դաշտի ամենադժվար գործը նաև Երևանում։
Ինքը՝ Մաքսիմ Երվանդովիչը, խորապես մտավորական այր էր՝ շատ կարդացած, մեծ ինտելեկտի տեր, շարժուձևում նրբակիրթ ու քաղաքավարի, մինչև ուղնուծուծը ղարաբաղցի՝ ըմբոստ, երբեմնակի կոշտ, իր ասածին։
Կենաց բաժակն ըմպելուց առաջ նորից սեղանին էր դնում ու վերցնում՝ չարը խափանելու համար։ Սովորաբար, դա գարեջրի բաժակ էր լինում։
Նրա հետ առնչվել եմ բազմիցս։ Մի անգամ ասաց․
-Գիտե՞ս, հիմա մեր մամուլը ողողված է պաթոսով, այն աստիճան, որ հաճախ պաշտոնականը շփոթում են քնարականի հետ։ Բայց դա չի կարևորը, ժամանակի հետ ամեն ինչ իր տեղը կընկնի, միայն թե, ասա, պետական այրերի մոտ իմաստնությունն ու արդարության զգացումը հարգի դառնան։ Սա շատ կարևոր է․․․
Ստորև ներկայացնում եմ նրա հետ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած, 1960 թվականից ԽՍՀՄ Ժուռնալիստների միության անդամ Սերոբ Թոխունցի մի երկու հուշը. «Կուրսում իրեն անվանում էինք պարոն Կնճռունի՝ հաճախ էր խոժոռվում։
(ձախից աջ՝ Մաքսիմ Հովհաննիսյան, Սերոբ Թոխունց․ 1957 թվականի մայիս, Երևան)Իսկ երբ մեր ռուս ժուռնալիստիկայի դասախոս Մարգո Մխիթարյանն ասաց, որ ռուս հայտնի գրաքննադատ Վիսսարիոն Բելինսկուն անվանում էին «Մոլեգին Վիսսարիոն», նրան սկսեցինք կոչել «մոլեգին Մաքսիմ»։
Մի անգամ ոճաբանության դասախոս Գվիդոն Վահանյանը Մաքսիմին կանչում է ամբիոնի մոտ։ Մաքսիմը թեթև ժպտալով ասում է․
-Ընկեր Վահանյան, կարելի՞ է Ձեզ մի հարց տալ։
-Այ՛ տղա, մեր տեղերը փոխվել ե՞ն, դասախոսը դու ե՞ս, նախ դասդ պատմիր, հետո նոր հարցդ կտաս,- քիչ բարկացած ասում է Վահանյանը։
Դե, Մաքսիմի համար դասը պատմելն ի՜նչ էր, և Վահանյանը գոհունակությամբ ասում է․
-Կեցցե՛ս, այ՝ հիմա կարող ես հարցդ տալ։
-Ընկեր Վահանյան, մի շնչում քանի՞ բակալ պիվա կխմես,- ասում է Մաքսիմը։
Մենք քարանում ենք,- պատմում է Ս․ Թոխունցը,- իսկ Վահանյանը քահ-քահ ծիծաղում է ․․․
Երբ 1957 թվականի օրերից մի օր ԽՍՀՄ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդագրություն տարածեց ԽՄԿԿ կենտկոմի հակակուսակցական խմբի մասին, այդ օրվա դասերի ավարտից հետո մեր ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության քարտուղար Մարիամ Պողոսյանը մեջքով փակեց դուռն ու ասաց․
-Ժողով ենք անում, բոլորը մնան։
Քիչ անց լսարան մտան նաև ֆակուլտետի դեկան Սահակ Բալյանն ու էլի մի քանի դասախոսներ։
Մաքսիմը վերցրեց տետրերն ու թե․
-Արա, վերըք կյամ է՜, պրանիմ ժողովդ։
Ասաց ու դուրս եկավ լսարանից: Դա չտեսնված, չլսված հանդգնություն էր։
Չգիտեմ, միգուցե այն պատճառով, որ գերազանցիկ էր և արցախցի, ներեցին՝ նկատողություն հայտարարելով, չնայած և չափազանց թանկ կարող էր նստել դա Մաքսիմի վրա։ Ժամանակներն այլ էին։
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Նախորդ ակնարկը՝ այստեղ: