Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 23-ի միջազգային կարևոր լուրերը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է՝ կամ ուկրաինական պատերազմի կողմերը կընդունեն Վաշինգտոնի առաջարկը, կամ երկիրը դուրս կգա բանակցութուններից։
«Կա՛մ Ռուսաստաննն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից։ Մենք շատ հստակ առաջարկ ենք արել և՛ ռուսներին, և՛ ուկրաինացիներին, և ժամանակն է, որ նրանք կա՛մ ասեն այո, կա՛մ Միացյալ Նահանգները դուրս կգա այս գործընթացից: Մենք զբաղված ենք լուրջ դիվանագիտությամբ: Մենք իսկապես փորձել ենք ամեն ինչ հասկանալ թե՛ ուկրաինացիների, թե՛ ռուսների տեսանկյունից: Ի՞նչն է ամենաշատը մտահոգում ուկրաինացիներին, ի՞նչն է ամենից շատ մտահոգում ռուսներին:
Ես կարծում եմ, որ մենք շատ արդար առաջարկ ենք արել։ Մենք պատրաստվում ենք տեսնել, թե արդյոք եվրոպացիները, ռուսները և ուկրաինացիներն ի վերջո ի վիճակի են գործը հասցնել վերջնագծին: Կրկին, ես բավականին լավատես եմ դրա վերաբերյալ»,- ասել նա։
Ըստ Վենսի՝ բոլորը բարեխղճորեն բանակցել են, բայց հիմա ժամանակն է, որ կողմերն անեն եթե ոչ վերջնական, ապա վերջնական քայլերից մեկը։ «Մենք իրականում կյանքի ենք կոչելու այնպիսի երկարաժամկետ դիվանագիտական խաղաղ կարգավորում, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը», - ասել է ԱՄՆ փոխնախագահը:
ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը ներառում է ռազմական գործողությունների սառեցում, Ղրիմը որպես ռուսական ճանաչում, Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, նավարկության ազատություն Դնեպրում և ֆինանսական օգնություն՝ երկրի վերականգնման համար:
Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան։ Իսրայելլական է Israel Hayom պարբերականի փոխանցմամբ՝ այցի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն դա տեղի է ունենալու առաջիկայում։
Նեթանյահուն Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ ունի երկարամյա սերտ հարաբերություններ՝ ամրապնդված սերտ համագործակցությամբ,
Լրատվամիջոցը շեշտում է՝ Ադրբեջանն Իսրայելի համար բարեկամ պետություն է, որտեղ 2 շաբաթ առաջ տեխնիկական բանակցություններ էին կայացել Իսրայելի և Թուրքիայի միջև՝ կանխելու Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմական բախման հավանականությունը:
Դրանից հետո Ալիևը առանձին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նոր կառավարիչ Ահմադ ալ Շարաայի (ալ-Ջուլանիի) հետ. ուստի, Նեթանյահուի այցը թվում է որպես այդ դիվանագիտական ջանքերի բնական շարունակություն:
Սպասվում է, որ բացի թուրք-սիրիական խնդրից, Նեթանյահուն և Ալիևը կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ամբողջ սպեկտրը։ Իսրայելը և Ադրբեջանը պահպանում են ռազմավարական կապեր, ներառյալ նավթի և դրա ածանցյալների մատակարարումը Իսրայելին. այս մատակարարումն անխափան շարունակվում էր Թուրքիայով նույնիսկ պատերազմի ժամանակ: Ադրբեջանը սահման ունի Իրանի հետ, և երկու հարևանների հարաբերությունները շարունակում են մնալ խիստ լարված:
Իսրայելը Ադրբեջանին վաճառում է առաջադեմ սպառազինության համակարգեր։ Օրերս Ադրբեջան էր այցելել էներգետիկայի նախարար Էլի Քոհենը և ստորագրել համագործակցության համաձայնագրեր։ Նեթանյահուի վերջին այցը երկիր տեղի է ունեցել 2016թ.:
Մանրամասները՝ տեսանյութում: