Վեհափառը և Փաստաբանների պալատի անդամները քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները
copy image url

Վեհափառը և Փաստաբանների պալատի անդամները քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները

Ներքին 2 ժամ առաջ - 23:34 23-04-2025
Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ տիար Սիմոն Բաբայանի:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը ներկայացրեց հյուրերին, որոնց նպատակներից էր ծանոթանալ ազգային և հասարակական կյանքում Հայ Եկեղեցու առաքելությանը:

Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի առանցքային դերակատարությանը, ընդգծեց, որ քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությանը՝ Հայոց Ցեղասպանությանը, ինչպես և վերջին տարիներին Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը խոսեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակությաին ժառանգության անխաթար պահպանման խնդիրների մասին՝ կարևոր նկատելով միաջազգային իրավապաշտպան տարբեր կառույցների առաքելությունը ոճրագործությունների կանխարգելման ու դատապարտման գործում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ներկաներին` միջազգային հաթակներում ժողովուրդների իրավունքների պաշտպանության և հասարակությունների մեջ արդարության հաստատմանն ի խնդիր ներդվող ջանքերի համար։

Ամենից շատ դիտված