Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի, նրա կնոջ՝ Ռոզա Զովելյանի, վերջիններիս որդու՝ Նարեկ Ավետիսյանի, ինչպես նաև վերջիններիս հետ համատեղ բնակվող Աննա Մարգարյանի հայտարարագրերը։
Նշենք՝ Ասլան Ավետիսյանը ՔՊ-ական է, նա Արարատը ղեկավարում է 2021 թվականի դեկտեմբերի 21-ից։ Նա համայնքի ղեկավար դարձավ ՔՊ-ի և Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության միջև ստորագրված կոալիցիոն հուշագրի շրջանակներում։Որպես անշարժ գույք՝ Ասլան Ավետիսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում և միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Արաբկիր վարչական շրջանում, որոնք գնել է համապատասխանաբար 2022 և 2010 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Ավետիսյանը չի հայտարարագրել։
Նա 38 մլն 590 հազար դրամ անվանական արժեքով բաժնամաս է հայտարարագրել մի ընկերությունում, որը ձեռք է բերել դեռևս 1998 թվականի սեպտեմբերի 1-ին։ Տարեվերջին այս բաժնեմասը պահպանվել է։
Ավետիսյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 701․909 դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 10 մլն դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 12 մլն դրամ։
Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 8 մլն 101․301 դրամ, որից 5 մլն 889․689 դրամն Արարատի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 1 մլն 476․172 դրամը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը, 735․440 դրամը՝ Սոցապ նախարարությունից ստացած կենսաթոշակը։
Համայնքապետի կինը՝ Ռոզա Զովելյանը, շարժական և անշարժ գույք, ինչպես նաև անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։
Զովելյանը տարեսկզբին ունեցել է 1 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին պահպանվել է։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 662․500 դրամ, որը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած կենսաթոշակն է։
Նրանց որդին՝ Նարեկ Ավետիսյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մի բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը գնել է 2021 թվականին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Վերջինս 300 հազար դրամ անվանական արժեքով 2 բաժնեմաս է հայտարարագրել, որոնցից առաջինը 2011-ին գնել է ոմն Արշակ Փիլոյանից, երկրորդը՝ նվիրատվություն ստացել՝ 2021-ին՝ Գաբրիել Հովհաննիսյանից։
Նարեկ Ավետիսյանը անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։ Նա տարեսկզբին ունեցել է 7 մլն դրամ, տարեվերջին՝ 9 մլն դրամ կանխիկ գումար։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 24 մլն 203 հազար դրամ, որից 23 մլն 400 հազար դրամը Հայէկոնոմբանկից ստացված փոխառությունն է, 803 հազար դրամն էլ՝ Ջի Ընդ Էյ Ինքորփորեյշն ընկերությունից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 489․491 դրամ, որը նրա հիփոթեքն է՝ բազմաբնակարան շենքում բնակարան գնելու համար։
Ընտանիքի մյուս անդամը՝ Աննա Մարգարյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը նա գնել է 2021 թվականին։ Տարվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Ավետիսյանը չի հայտարարագրել։
Վերջինս Հայէկոնոմ բանկում հայտարարագրել է 75 հազար դրամ արժեքով բաժնեմաս, որը ձեռք է բերել 2016 թվականի դեկտեմբերի 12-ին։ Տարեվերջին այս բաժնեմասը պահպանվել է։
Մարգարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 52․080 դրամ, տարվերջին՝ 302․280 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 600 հազար դրամ, տարեվերջին՝ 1 մլն դրամ։
Հաշվետու տարում Աննա Մարգարյանի բանկային հաշիվները կազմել են 2 մլն 615․869 դրամ, որից 2 մլն 610․169 դրամը Հայէկոնոմ բանկից ստացած աշխատավարձն է, 5700 դրամը նույն բանկից ստացած շահաբաժինը։