6 անշարժ գույք, մեքենա, 6․5 մլն կանխիկ, 17․4 մլն եկամուտ․ Սևանի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
copy image url

6 անշարժ գույք, մեքենա, 6․5 մլն կանխիկ, 17․4 մլն եկամուտ․ Սևանի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Ներքին 1 շաբաթ առաջ - 22:00 11-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի և նրա կնոջ՝ Անահիտ Հակոբյանի՝ 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Սարգիս Մուրադյանը Սևանը ղեկավարում է 2017-ի նոյեմբերից։ 2021-ի ՏԻՄ ընտրություններում նրա գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել, ինչի արդյունքում Մուրադյանը վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում։

Որպես անշարժ գույք՝ Սարգիս Մուրադյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 5 հողամաս և 1 առանձնատուն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում, որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2003 թվականի հունիսի 20-ին և 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Մուրադյանը հայտարարագրել է 2005 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա 2023 թվականի դեկտեմբերի 8-ին 295 հազար դրամով վաճառել է ոմն Գարուշ Մուրադյանի։ Բացի այդ, նա 90 օրից ավելի տիրապետում է 2013 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Սևանի համայնքապետի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 236․094,7 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 447․144 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 15 հազար դոլար և 2 մլն 800 հազար դրամ, տարեվերջին՝ 9000 դոլար և 2 մլն 400 հազար դրամ։

Հաշվետու տարում Մուրադյանի եկամուտները կազմել են 17 մլն 420․893 դրամ, որից 3 մլն 441․243 դրամը Սևանի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 35 հազար դոլարը՝ Արարատ բանկից ստացած փոխառությունը, 295 հազար դրամը՝ մեքենան օտարելուց ստացած եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35 մլն 491․466,64 դրամ։

Սարգիս Մուրադյանն իր եկամուտներից 3 մլն 85․577,9 դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ծախսերին, 16 մլն 906․972,21 դրամ էլ՝ վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Սևանի համայնքապետի կինը՝ Անահիտ Հակոբյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 16․211,6 դրամ, տարեվերջին՝ 137․202,3 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 800 հազար դրամ, տարեվերջին՝ 600 հազար դրամ։

Հաշվետու տարվա համար Անահիտ Հակոբյանը եկամուտներ չի հայտարարագրել։