Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և նրա կնոջ՝ Աստղիկ Ղուկասյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։
Տարեսկզբի դրությամբ Ռոբերտ Ղուկասյանն անշարժ գույք չի ունեցել, սակայն 2023-ի ապրիլի 7-ին նա 2 հողամաս է գնել Սյունիքի մարզի Կապան համայնքում, որոնց տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին այս հողամասերը պահպանվել են։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սյունիքի մարզպետը չի հայտարարագրել։ Վերջինս «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ում ունեցել է 35 մլն 933.393,4 դրամ փոխառություն՝ 0 տոկոս տոկոսադրույքով, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Ղուկասյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 661.651,3 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 858.145,8 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 2 մլն 300 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 1 մլն 200 հազար դրամ։
Հաշվետու տարում Ռոբերտ Ղուկասյանի եկամուտները կազմել են 18 մլն 347.748 դրամ, որից 12 մլն 464.725 դրամը Սյունիքի մարզպետի աշխատակազմից, 3 մլն 278.202 դրամը՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ»-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 604.821 դրամը՝ ՊԵԿ-ից ստացած այլ եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 338.214 դրամ։ Ղուկասյանն իր եկամուտներից 3 մլն 200 հազար դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Մարզպետի կինը՝ Աստղիկ Ղուկասյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 119.755,56 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 708.847 դրամ։ Վերջինս ունեցել է նաև 600 հազար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 500 հազար դրամ։ 2023 թվականի հաշվետու տարում Աստղիկ Ղուկասյանի եկամուտը կազմել է 124.803 դրամ, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ստացած աշխատավարձն է։