Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։
Գործադիրի իրենց գործընկերների նմանությամբ իշխանական խմբակցության պատգամավորները նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը, նրանցից շատերը դարձել են առնվազն դրամային միլիոնատերեր։
Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հայտարարագիրը։
Հիշեցնենք՝ Ծովինար Վարդանյանը պատգամավոր է ընտրվել 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, իսկ 2021-ի արտահերթի ժամանակ նա պահպանել է իր մանդատը։ Այս տարվա մարտից, երբ Գևորգ Պապոյանը նշանակվեց Էկոնոմիկայի նախարար, Վարդանյանը ղեկավարում է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։
Որպես անշարժ գույք՝ Վարդանյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա գնել է 2010 թվականի հունիսի 2-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ականը չի հայտարարագրել։
Ծովինար Վարդանյանը Հայէկոնոմ բանկում ունեցել է 31 մլն 560․000 դրամ փոխառություն՝ 10․5 տոկոսով, որը տարեվերջին պահպանվել է։
Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 288․199 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 260․403,9 դրամ։ Կանխիկ միջոցներ՝ ՔՊ-ականը չի հայտարարագրել։
Հաշվետու տարում Վարդանյանի եկամուտները կազմել են 12 մլն 347․459 դրամ, որից 9 մլն 977․170 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 մլն 370․289 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 767․083 դրամ։
Վարդանյանն իր եկամուտներից 5 մլն 293․994 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։