Գերմանիայի խորհրդարանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին չի ընդգրկել իր հյուրերի ցանկում մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հատուկ նիստին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Բունդեսթագի խոսնակն այս քայլը բացատրել է՝ վկայակոչելով դաշնային կառավարության գնահատականը։
«Այս գնահատականը հանգեցրեց նրան, որ, ի թիվս այլոց, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեսպանները չհրավիրվեցին»,- ասել է խոսնակը՝ չմանրամասնելով, թե ինչ է նշվում այդ գնահատականում։
Այլ դեսպանատների ներկայացուցիչներ կմիանան գերմանացի օրենսդիրներին Բունդեսթագի լիագումար պալատում կայանալիք միջոցառմանը, որի ընթացքում կնշվի պատերազմի ավարտը և դրա հետ մեկտեղ՝ Եվրոպայում նացիստական Գերմանիայի բռնությունների և ցեղասպանության արշավի ավարտը:
Բեռլինում Ուկրաինայի դեսպանատան խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայի դեսպանն, «իհարկե», մասնակցելու է միջոցառմանը, և ողջունել է Բունդեսթագի՝ Ռուսաստանի դեսպանին չհրավիրելու որոշումը։
Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատները չեն արձագանքել Reuters-ի համապատասխան հարցմանը։