Արցախցիներին թիրախավորելով՝ Արմեն Քոլոյանի կնոջ նմանները հաճոյանում են իշխանությանը
copy image url

Արցախցիներին թիրախավորելով՝ Արմեն Քոլոյանի կնոջ նմանները հաճոյանում են իշխանությանը

Ներքին Խոսք 2 շաբաթ առաջ - 17:00 02-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Ես կարծում եմ՝ Արմեն Քոլոյանի կնոջ պահվածքը այն պետական քարոզչության և նեգատիվ վերաբերմունքի դրսևորումն է, որն այսօր կա արցախցիների նկատմամբ՝ սկսած բռնի տեղահանման օրերից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մարդիկ անվտանգ դուրս են գալիս այնտեղից, բայց մենք տեսնում էինք, թե ոնց էին ադրբեջանցիները հայկական գյուղեր ներխուժել»,- Oragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Հանրային ռադիոյի տնօրենի կնոջ՝ Շուշան Ղազարյանի՝ արցախցիներին թիրախավորող մեկնաբանությունը։

Նշենք, որ նախօրեին Հանրային Ռադիոյի տնօրենի կինը՝ Շուշան Ղազարյանը, վիրավորական մեկնաբանություն էր արել արցախցիների մասին: «Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարող ե՞ք»,- գրել էր նա։ Ավելի ուշ նա ափսոսանք էր հայտնել, որ իր մեկնաբանությունը ցավ ու տհաճություն է պատճառել արցախցիեներին՝ խուսափելով իր արարքի համար ներողություն խնդրելուց։

Ժաննա Ալեքսանյանը շեշտում է՝ Հայաստանի իշխանությունները վախենում են արցախցիներից․ «Եթե Դուք տեսնեիք, թե հանրահավաքի ժամանակ արցախցիները ոնց էին մի մարդու նման հավաքվել այնտեղ, կհասկանայիք նրանց վախը։ Ես գիտեմ, որ իրենց կուլիսային խուսակցություններում իշխանություններն ասում են, որ արցախցիները կգան, իշխանությունը կվերցնեն և այլն։ Եթե անգամ այդ խոսակցությունը քաղաքական ենթատեքստ ունի, ապա մարդկային մակարդակում դա անընդունելի է և դատապարտելի»։

Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Հայաստանի բնակչությունն արցախցիներին շատ լավ է ընդունել, սակայն նկատելի էր նաև պետական մարմինների անհանդուրժող վերաբերմունքը։ Նա հիշեցնում է, որ երբ Արցախում զոհված հերոս տղաների մարմինները տեղափոխվում էին Եռաբլուր՝ թաղելու, պատկան մարմիններն արգելում էին դագաղների վրա Արցախի դրոշը պարզել։

«Մենք հարցումներ էին արել Պաշտպանության նախարարությանը, թե ո՞րն է պատճառը, քանի որ 3-4 ընտանիք մեզ բողոքել էր։ Դա ի՞նչ է նշանակում։ Կամ երբ Նիկոլ Փաշինյանը գնում է Հանրային ռադիո և պոկել է տալիս Արցախի դրոշը, դա արդյոք պետական քարոզչություն չի՞։ Մնացածներն էլ, ովքեր պատրաստ են հաճոյանալ իշխանություններին, պարտադիր չէ, որ նրանց ասեն՝ պետք է այսպիսի քարոզչություն անեք, ինչպիսին էդ Արմեն Քոլոյանի կինն է, նման բաներ են անում։

Իրենց նմանները հաճոյանում են իշխանություններին՝ շատ լավ իմանալով, որ այդ քարոզը տեղ ունի, իշխանությունը դրան հավանություն կտա։ Նրանք իրենց նախաձեռնությամբ սկսում են արցախցիներին թիրախավորել: Ես միայն մի բան կասեմ․ արցախցիները մեր հայության մի հատվածն են, իսկ ովքեր նման քարոզով են զբաղված, պարզապես հայ չեն, նրանք ներքին աղտոտվածությամբ և ապականված հոգեբանությամբ մարդիկ են, ովքեր հայության ոչ մի մասին չեն պատկանում»,- ասաց նա՝ Հանրային Ռադիոյի տնօրենի կնոջ պահվածքը որակելով որպես խայտառակություն։

Oragir.News–ի հարցին՝ Արմեն Քոլոյանի կնոջ պահվածքը պե՞տք է պատճառ դառնար, որ նա հրաժարական ներկայացներ՝ Ժաննա Ալեքսանյանը դրական պատասխանեց, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, որ նա երբեք հրաժարական չի տա։

«Բայց մենք հասկանում ենք, որ նա կյանքում հրաժարական չի տա։ Մենք հիշում ենք, որ նա նոր էր եկել, Բաքու բառը գրել էր Հանրային ռադիոյի պատերից մեկի վրա, իբրև ինքն այդքան լոյալ է։ Շատ ամոթ է, որ «Ազատություն» ռադիոկայանում տարիներ շարունակ աշխատած մարդը, ով պետք է ազատություն ունենար, հիմա եկել եկել, այդպես խոնարհվում է, և պատրաստ է ծառայել մի տկարամիտ իշխանության»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան