Պետականության կառուցումը այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է. ի՞նչ կարող է սա նշանակել անկախության 34-րդ տարում.մի՞թե անկախությունից 34 տարի անց պետականության կառուցումը դեռ կարող է լինել առաջնահերթություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլև նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է։ Խնդիրն այն է, որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։
1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։
Շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ առնվազն մեծամասնությունը հաշտ ենք եղել այդ մոդելի և նպատակադրման հետ։
Ինքս էլ լիարժեք կերպով հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց կամաց-կամաց, քայլ-քայլ, սկզբից աղոտ, ապա և առարկայորեն հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այդ այդ նպատակի իրագործումը եզրափակիչ փուլ մտավ 2020-ի սեպտեմբերին և գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին, և այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում և այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր և ոչ թե անկախությունն ու պետությունը:
«Դաշնակցության այդքան քննարկված 004 շրջաբերականը, հոգևոր հայտնի անձանց այստեղ մեջբերված հարցազրույցները, ՀՀ նախկին ղեկավարության հայտարարությունները այս ծիրի մեջ են, այս տրամաբանության մեջ։ Այսօր ահա գաղափարական այս դարակազմիկ բախման երկրորդ արարն է տեղի ունենում։ Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա ցավոք շատ ուշ ենք հասկացել։
Իսկ ընդդիմությունն, ըստ էության, ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ և իմաստ է ունեցել և ունի՝ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա։
Բայց ես ոչ միայն համաձայն չեմ այս տեսակետի հետ, այլև մեր կառավարման յոթ տարիներին հետ նայելով արձանագրել եմ մի բան, որ հիմա արդեն կարող եմ բարձրաձայնել։
2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարման ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո ինտուիցիա և արիություն է ցուցաբերել, կարողանալով քայլ առ քայլ կտոր-կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է և այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդամենը օգտագործվում է Հայաստանի առանց այն էլ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։
Ու այս իրողությանն առերեսվող, առերեսվելով կառավարող մեծամասնությունը որդեգրել է մի ռազմավարություն, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Ղարաբաղի, կամ ինչպես ասում են մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիքը, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունը ապահովելու գործիք, որ 29,743 քառակուսի կիլոմետր տարածքում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք պետությունն է և մեր վերջնական հանգրվանը որպես ժողովուրդ»,- ընդգծեց վարչապետը: